Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ո՞ր հեռուստաընկերություններն են ամենաակտիվը լուսաբանել քարոզարշավը (տեսանյութ)

Երևանի մամուլի ակումբը մշտադիտարկել է Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերություններում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանումը։

Մշտադիտարկումը կատարվել է փետրվարի 17-ից՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածի տվյալների հիման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ հետազոտվել են համազգային 6՝ «Առաջին ալիք», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հայկական Երկրորդ հեռուստաալիք», «Շանթ», և մայրաքաղաքային երկու՝ «Արմնյուզ», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների անդրադարձերը հանրաքվեին։

Մշտադիտարկումը կատարվել է երեք պայմանական թեմատիկ կատեգորիաներով՝ «Հանրաքվեի անցկացման օրինականությունն ու նպատակահարմարությունը», «Վերաբերմունքը հանրաքվեին ներկայացված հարցին» և «Հանրաքվեի կազմակերպման գնահատականը»։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի լրատվամիջոցների գործունեությունը հնարավորինս նպաստի նրան, որ քաղաքացիները որոշեն՝ ապրիլի 5-ին գնում են քվեարկելո՞ւ, թե՞ ոչ, կամ եթե գնում են, ո՞նց են քվեարկելու»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում պատրաստել է զեկույց, որի համաձայն՝ հանրաքվեի քարոզարշավն ակտիվ լուսաբանել են «Արմնյուզ, «Առաջին ալիք» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, իսկ ամենաքիչը՝ «Արմենիա» և «Հայկական Երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերությունները։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ ավելի շատ լուսաբանվում է հանրաքվեի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որը գերակշռում է «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններում։

«Շանթ» հեռուստաընկերությունը մյուս հեռարձակողներից առանձնացել է չեզոք լուսաբանմամբ, որը դրսևորվել է մշտադիտարկման թեմատիկ երեք կատեգորիաների, հատկապես երկրորդի («Վերաբերմունքը հանրաքվեին ներկայացված հարցին») » և երրորդի («Հանրաքվեի կազմակերպման գնահատականը») նկատմամբ:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ օրինակ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դժգոհել է, որ «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել հաղորդումներին։

Երևանի մամուլի ակումբի նախագահը շեշտեց նաև, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից դժգոհություններ կան, որ «Ոչ» քարոզչական կողմը ակտիվ քարոզչություն չի անում, և հավասարակշռություն ապահովելը հեռուստաընկերությունների համար դժվարանում է։

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ քարոզարշավի այս ընթացքում բանավեճերը պակասում են։

«Մենք որքան հասկանում ենք, երկու կողմերն էլ խուսափում են բանավեճերից՝ տարբեր պատճառներով»,- ասաց նա։

Թեև բանավեճը ցանկալի է, բայց իրավիճակը գնահատելով՝ նա նշեց, որ դժվար է պատկերացնել, թե կառուցողական բանավեճ կարող է լինել, հաշվի առնելով կողմերի՝ խնդրի վերաբերյալ մոտեցումները։

Մանրամասները՝ տեսանյութում։