Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Ե՞րբ էին Հայաստան վերադարձել կորոնավիրուսով վարակված անձինք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց՝ բազմիցս նշել է՝ Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին, նաև  պիկ-զոնաներից հնարավոր չէ մեկուսացնել։

«Ինչպես հնարավոր չէ մեկուսացնել որևէ երկրում։ Որպես օրինակ կարող եմ բերել Չինաստանից ժամանած մեր հարյուրավոր քաղաքացիներին, որոնցից որևէ մեկի մոտ բարեբախտաբար վիրուս չի հայտնաբերվել։ Հետևաբար ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան», նախարարը, լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյունավետ չէ՞ր լինի, եթե Հայաստան ժամանած ուղևորներին միանգամից մեկուսացնեին, այսպես պատասխանեց։

«Մեկուսացում ցուցված է միայն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով մենք հիմա զբաղվում ենք»։

Առողջապահության նախարարն ասաց, որ կորոնավիրուսով գրանցված 3 նոր մարդկանցից միայն մեկի դեպքում է, երբ անձը մեծ թվով մարդկանց հետ է շփվել, և բոլորը հայտնի են։

Արսեն Թորոսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվող այն լուրը, թե կորոնավիրուսով վարակված անձը մասնակցել է նշանդրեքի։

«Բացարձակ կապ չունի, թե այդ մեծ շրջանակը ինչ հանգամանքներում է շփվել, դա կարող է լինել խանութում առևտրի ժամանակ, հարևանի հետ շփման ժամանակ, կարող են նաև ինչ-որ միջոցառման մասնակցել կամ որևէ այլ հաստատություն այցելել։ Շրջանակը, հնարավոր է, մինչև 50 հոգի դառնա, և նրանց մեկուսացնելու որոշում կկայացվի»,- ասաց նախարարը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ 3 վարակվածներից Իտալիայի քաղաքացին նույնպես շփվել է մեծ թվով մարդկանց հետ, որոնք մեկուսացվել են իրենց բնակավայրում։

«Իրենք չեն լքելու իրենց բնակավայրը, առանձնացված շենք է, ուրիշ մարդկանց հետ չեն ապրում այդ շենքում, և այդ ընտանիքները երկու շաբաթ մեկուսացված կլինեն»,- ասավ նախարարը։

Հարցին, թե որտե՞ղ են նրանք գտնվում, Արսեն Թորոսյանն ասաց, որ Երևանում են։

«Ա1+»-ի հարցին, թե այդ 3 անձինք ո՞ր օրն են Իտալիայից ժամանել Հայաստան, Առողջապահության նախարարն ասաց, որ տարբեր օրերի են վերադարձել, տարբեր չվերթներով և ոչ ուղիղ Իտալիայից։

«Մեկը՝ 2-3 օր առաջ է վերադարձել, մյուսը 10 օր առաջ է վերադարձել, 3-րդն էլ երևի մոտ 10 օր առաջ, բայց տարբեր դեպքեր են, և իրար հետ համեմատել պետք չէ, որովհետև այն մյուսը, որն էլի 10 օր առաջ է վերադարձել, ընդհանրապես որևէ մեկի հետ չի շփվել։ Նրա շփման շրջանակը շատ քիչ թվով մարդիկ են, և հենց այս պահին մեկուսացված են»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Դիտարկմանը, թե այլ երկրներ խիստ միջոցներ են ձեռնարկվել, մինչդեռ Հայաստանում այս պայմաններում քարոզարշավը շարունակվում է, դպրոցները չեն փակվում, Արսեն Թորոսյանը նկատեց, որ որոշումներ կայացնելու առումով պետք չէ շտապել, որովհետև հնարավոր է՝ յուրաքանչյուր պահի որոշումներ փոփոխություններ լինեն և որոշում կայացվի։

«Այսօր որոշում կկայացվի նոր իրավիճակի մասին։ Այս պահին դեռ կայացված չէ, թե չէ ես կհայտնեի, սակայն չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների հետ կապված։ Բազմիցս նշել ենք, որ հանրային առողջությունը և մեր քաղաքացիների առողջությունը ամենակարևորն է Կառավարության համար, և որևէ քաղաքական դրդապատճառ մեզ հետ չի պահի նման որոշումներ կայացնելուց»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ սոցիալական պատասխանատվությունը միակ գործիքն է համաճարակները կանխարգելելու համար։

«Եթե վիրուսը տարածվում է նաև գաղտնի շրջանում, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների։ Նույնիսկ Չինաստանը, երբ որ մեկուսացման գործընթացի գնաց, դրանք տնային, հյուրանոցային կամ բուժհաստատություններում մեկուսացումներ չէին, դրանք քաղաքների և նահանգների մեկուսացումներ էին, որպեսզի ամբողջ երկիրը չներգրավվի պրոցեսի մեջ։ Հետևաբար, կոչ եմ անում՝ այն քաղաքացիները, որոնք վերադարձել են համաճարակի օջախ հանդիսացող վայրերից, աշխատեն շփումները սահմանափակել և ինքնամեկուսանալ, և գանգատների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և անմիջապես հայտնել նախարարության ծառայություններին»,- ասաց Առողջապահության նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։