Չեք թողնում, որ շրջենք, ըստ էության՝ փողոցները փակել եք․ վարչապետը կատակեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ վայրեջք կատարեց Ագարակ քաղաքում։ Այս պահին նա զբոսնում է քաղաքում, մոտենում է մարդկանց, նրանց որպիսությամբ հետաքրքրվում, հարց ու փորձ անում, թե տեղյա՞կ են, որ ապրիլի 5-ին հանրաքվե է լինելու։
Նրա հարցին ի պատասխան՝ հավաքված մարդիկ «այո» են բացականչում։ Տեղացիները Նիկոլ Փաշինյանին ողջունում են, մոտենում, ձեռքը սեղմում, լուսանկարահանվում, անգամ գրկախառնվում։
Նիկոլ Փաշինյանին տեղացիները նաև իրենց հուզող հարցերն են ներկայացնում, նրանք նամակներ են բերել, որ փոխանցեն վարչապետին։
Ագարակում զբոսնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Նա տեղացիներին ողջունեց, ապա հարց ուղղեց՝ դուխներդ տե՞ղն է, լսվեցին բարձր ծափահարություններ, ներկաներից մեկն էլ արձագանքեց՝ 100 %: Վարչապետը շնորհակալություն հայտնեց ակտիվության համար՝ ընդգծելով, որ Ագարակում նախատեսված չէր հանդիպում, միայն փողոցներում պետք է շրջեին, բայց․․․
«Փաստացի չեք թողնում, որ փողոցներում շրջենք, ըստ էության՝ փողոցները փակել եք»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տեղացիներին հորդորեց Մեղրիում կայանալիք հանրահավաքին մասնակցել, որովհետև ըստ նրա՝ հիմնական ասելիքն այնտեղ է լինելու։
Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին ցույց տվեց քարոզարշավի բուկլետը, որն ունի անձնագրի տեսք և ներկայացրեց, թե ինչ է այն իրենից ներկայացնում։
«Առաջին էջում գրված է՝ ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր, սա շատ կարևոր սիմվոլ է, որովհետև մենք կարծում ենք, որ այն քաղաքացիական հպարտության հաստատման գործընթացը, որ Հայաստանում 2018թ․-ին սկսվել է և հաղթանակել է, շատ կարևոր է»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ագարակցիների հետ զրույցում շեշտեց, որ շատերը պատկերացնում են, թե 2018թ․-ի հեղափոխությունը սկսվել է մարտի 31-ին, ավարտվել մայիսի 8-ին, սակայն դա այդպես չէ։
«Դա մարտի 31-ին չի սկսվել, դա շատ ավելի շուտ է սկսվել։ Ընդ որում՝ ասում են, որ ես եմ սկսել, բայց ես չեմ սկսել, մենք ենք սկսել, ամեն մեկս մեր մտածածով, մեր տեսածով, ներսում մեզ ուտելով, ներսում եռալով, մենք ինքներս մեզ հարց տալով»,- նշեց նա ու հավելեց, որ ամեն մեկը գիտի այն օրը, թե եր երբ է իրենց հեղափոխությունը սկսվել։
Վարչապետը շեշտեց՝ հեղափոխությունը մայիսի 8-ին հաղթանակեց, բայց չի ավարտվել։ «Այո, ճիշտ է, մայիսի 9-ին մենք ուրիշ Հայաստանում արթնացանք, մենք իրար հետ ուրիշ Հայաստան ստեղծեցինք, բայց այդ ուրիշ Հայաստանի շենքերի պրոբլեմը չլուծվեց մայիսի 9-ին, կաթող տանիքների պրոբլեմը չլուծվեց մայիսի 9-ին, գործազրկության պրոբլեմը չլուծվեց մայիսի 9-ին, աղքատության պրոբլեմը չլուծվեց մայիսի 9-ին։ Մայիսի 9-ին լուծվեց համակարգային կոռուպցիայի հարցը, բայց կաշառակերության հարցը չլուծվեց մայիսի 9-ին։ Բազմաթիվ անարդարությունների հարցը չլուծվեց մայիսի 9-ին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ մենք չպետք է հոգնենք, պետք է այնքան շարունակենք մեր պայքարը հանուն այդ արժեքների, որ հաղթանակենք։
Վարչապետի ելույթի ընթացքում լսվում էր, որ տեղացիներից մեկն ասում էր, թե չի էլ լուծվելու։ Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով այդ խոսքին, ասաց, որ աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ նման երևույթներ չլինեն։
«Խոսքը դրա մասին չէ, խոսքն այն մասին է, որ հնարավոր ամենացածր մակարդակի լինի ամեն ինչը։ Այո, մենք պետք է խնդիր դնենք, որ այդ պրոբլեմները հաղթահարենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, դիմելով ագարակցիներին, ասաց, որ հեղափոխության շարունակական հաղթանակի մի գրավական կա՝ որպեսզի բոլորը հանուն իրենց արժեքների համար պայքարը շարունակեն։
«Ընդ որում, սա իշխանության խնդիր չէ, մենք էլ ենք սխալական, վաղը կտեսնեք՝ սայթաքեցինք, սխալվեցինք, ամենակարևորը սա է, այդ իշխանությունը մեզ տրված է, մեզ կհանեք, ուրիշին կընտրեք, որովհետև հեղափոխությանը տերը մենք չենք։ Հիշո՞ւմ եք, որ հեղափոխության օրերին ասում էի, որ այս հեղափոխության առաջնորդը դուք եք։ Սա է սրա ամբողջ էությունը, և սրա համար այս բուկլետն ունի անձնագրի տեսք որպես ՀՀ հպարտ քաղաքացու սիմվոլիկ անձնագիր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Քարոզչական բուկլետի մեջ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներկայացված է հեղափոխությունից հետո Կառավարության հաջողությունները։