Նախատեսվող փոփոխությունների արդյունքում ԳԱԱ֊ում կրճատումներ կլինեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում կան կետեր, որոնք ԳԱԱ ներկայացուցիչների համար ընդունելի չեն։ Մասնավորապես առաջարկները, որ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը ուժը կորցրած համարվի եւ դոկտորական երկրորդ կոչումը հանվի։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն ասում է՝ օրինագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները նախարարության կողմից չեն ընդունվել, եւ բովանդակային քննարկումներ տեղի չեն ունեցել։
Նրա խոսքով՝ իրենց համար ընդունելի չէ նաեւ օրինագծի այն մասը, որ ասպիրանտական կրթություն պարտադիր պետք է ստանալ բուհերում։ Նա ընդգծում Է՝ որոշ բաժիններում ԳԱԱ-ն ավելի շատ մագիստրանտներ ունի, քան բուհերը։
«Ինչպե՞ս ենք համալսարաններում ասպիրանտներին պատրաստելու, եթե այնտեղ չկա մասնագիտական գիտական խորհուրդ, որը պետք է ընդունի ատենախոսությունները պաշտպանության»,- պարզաբանում է նա։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, հարցին անդրադառնալով, ասում է, որ հեղափոխությունից հետո կրթական եւ գիտական ոլորտներում շատ խնդիրներ կային կուտակված, եւ ակնկալում էին մասնակցային գործընթացներ, որտեղ նախարարությունը փորձելու էր երկխոսել գիտական ինստիտուտների եւ բուհերի հետ, սակայն շարունակվեց հին ոճով։
«Ստեղծվեց աշխատանքային խումբ, որը կաբինետային միջավայրում ներկայացրեց օրենքի նոր նախագիծ, այսպես ասած՝ հեղափոխական մոտեցմամբ, այն առումով, որ այլեւս գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին առանձին օրենք չի լինելու, եւ բարձրագույն կրթությունը միանում է գիտության օրենքին, սա, կարծում եմ՝ հեղափոխական քայլ էր, որը կատարելուց առաջ կարեւոր էր, որ նախարարությունը եւ գիտության պետական կոմիտեն երկխոսեին համակարգի մարդկանց հետ»,- ասում է նա։
Նրա համոզմամբ՝ պետք է տեղի ունենան քննարկումներ, եւ կայացվեն ողջամիտ որոշումներ, իսկ միավորումների հետ կապված՝ «հնարավոր է, բայց պետք է զգույշ անել»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նաեւ կարծում է, որ օրինագծի ընդունումից հետո սպասվում են կրճատումներ։
Մանրամասները՝ տեսանյութում