A
A
Իշխանությանը ձեռք չի տալիս, որ հասարակությունը լինի կրթված. Կարեն Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իշխանությունն ուզում էր «սև-սպիտակով» անել, բայց քանի որ ընդդիմադիրները կամ «սևերը» այդպես էլ չմտան, ավելին՝ ոչ մի քաղաքական ուժ չմտավ այդ խաղի մեջ, այդ ռազմավարությունը դարձավ անիմաստ», - լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավին։
Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 դատավորի լիազորությունները։ Հանրաքվեի քարոզարշավի համար ձևավորել է երկու շտաբ՝ «Այո» և «Ոչ»։
Քոչարյանի համար պարզ չէ, թե իշխանություններն ինչ ռազմավարությամբ են գործելու, իսկ «Ոչ»-ի մասով քաղտեխնոլոգը նշեց, որ այդ կողմն ընդհանրապես չի երևում։ Նա դժվարացավ ասել, թե որ կողմը կհաղթի, իսկ հանրաքվեին հաջորդող իրավիճակի մասով ասաց, որ «շարունակելու ենք ապրել, և դա ապոկալիպսիս չէ»։
«Խնդիրն այն է՝ կկարողանա՞ արդյոք իշխանությունը ապահովել անհրաժեշտ 650 հազար ձայնը։ Եթե չկարողանա, ասելու է, որ «սա դեմոկրատիայի հաղթանակն էր, այո՛, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ո՛չ նկարում են, ո՛չ ստիպում են, ո՛չ առնում են ձայները»։ Եվ եթե հաղթի, ասելու է որ «հեղափոխությունը վերջնականապես հաղթեց»», - ընդգծեց քաղաքական վերլուծաբանը։
Հասարակական գործչին, սակայն, ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի տնտեսական վիճակը, որն ընկած է պետության և քաղաքացու անվտանգության հիմքում։ «Բայց ինձ շատ բաներ մտահոգում են այն առումով, որ ներդրումներ չկան, որ լուրջ պրոբլեմներ են։ Խնդիրը միայն ներդրումները չեն, բիզնեսը, փողը սիրում է ավելի շատ կայունություն, երբ չկա այդ կայունությունը, փողի շրջանառությունը պակասում է», - շեշտեց Կարեն Քոչարյանը։
Վերջինիս խոսքերով՝ բացի 1991 թվականի անկախության հանրաքվեից, ՀՀ քաղաքացին չգիտի, թե ինչի համար է «այո» կամ «ոչ» ասում, նույնիսկ պատգամավոր ընտրելուց չգիտի. քաղաքացին կարծում է, թե նրան ընտրում է, որ ասֆալտ անի։ «Խնդիրն այն է, մեր բոլոր ժամանակների իշխանությունները, այդ թվում այս, երբեք չեն ուզել բացատրել հասարակությանը, իշխանությանը ձեռք չի տալիս, որ հասարակությունը լինի կրթված», - նկատեց քաղտեխնոլոգը։