ԵԿՄ-ն իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այցելել էր ԵԿՄ գրասենյակ։
Իր ելույթում վարչապետն ընդգծեց, որ ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է՝ դրա բովանդակային խորությամբ։
«Վազգեն Սարգսյանի գործունեությունը, առաջին հերթին որպես ազատամարտիկ, արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող էր ունենալ ինքը իր ուժերի նկատմամբ, փոխել սեփական ժողովրդի ճակատագիրը, ապագան»։
Վարչապետն ընդգծեց, որ այդ հավատը վարակել է հարյուրավոր մեր հայրենակիցների, և դրա շնորհիվ է, որ տեղի է ունեցել Արցախյան ազատամարտի հաղթանակը։
«Մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց հավատի հետ։ Ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը դուրս է բերում գործիչներ, ովքեր, իրենց մեջ դաստիրակելով այդ հավատը, դրանով կարողանում են նաև վարակել ուրիշներին։ Մեր խնդիրը նույնն է բոլոր ժամանակներում՝ ամեն ինչ անենք, որ մեր երկրում մեր ժողովրդի հնարավորինս շատ ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց , իրենց ստեղծարար տաղանդին»։
Վարչապետը նաև ընդգծեց, որ ԵԿՄ դերը պետք է լինի մեր ժողովրդի և զինված ուժերի հաղթական ոգու պահպանումը և զարգացումը։
«ԵԿՄ-ն պետք է դառնա մեր զինված ուժերի ամենաօպերատիվ ռեզերվը, նկատի ունեմ ոչ միայն ֆիզիակական արտահայտությունը, ավելի շատ նկատի ունեմ բովանդակային, հոգևոր արտահայտությունը, որովհետև ԵԿՄ-ն այն կազմակերպությունն է, որ իր մեջ կրում է մեր հաղթանակի ոգին։ Այն պետք է լինի մեր հաղթանակների պահապանը»։
ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն էլ ընդգծեց, որ պատերազմի դժվարին ժամանակներում ամենածանր բեռը ընկել է երկրապահ կամավորականների վրա։
Միքայելյանը նաև նշեց, որ համագործակցում են 4 կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված են ԵԿՄ վարչության կազմում:
«Մենք որոշել ենք հանդես գալ այլ ձեւաչափով, համալրել ԵԿՄ-ն եւ դառնալ կուռ կառույց բանակի ռեզերվում, չխանգարելով բանակի նոր ռեսուրսին: Այս ժամանակահատվածում մենք պետք է կարողանանք այդ գործունեությամբ զբաղվենք»,-տեղեկացրեց ԵԿՄ նախագահը:
Ինչ վերաբերում է հեղափոխությանը և նոր իշխանություններին՝ Միքայելյանն ասաց․ «Մենք երբեք որեւէ իշխանության կցորդ չենք դառնա, բայց մեզնից ծնվել է վարչապետ, ով ընտրվել է ժողովրդի ձայների մեծամասնությամբ, կազմել է կառավարություն Կարեն Սերոբիչի հետ: Եվ մենք տեսել ենք, թե ինչպես այդ ամենը մեկ օրվա մեջ քանդվեց: Մենք լինելու ենք այն իշխանությունների հետ, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից: Մենք մեր գործունեությամբ կնպաստենք ներկայիս իշխանություններին, որպեսզի մեր պետությունը գնա դեպի ամրապնդում, դեպի հզորացում»: