Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը բարկացավ․ իր հանձնարարականները չեն կատարվում (տեսանյութ)

 Կառավարության նիստին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարական է տվել, որ գերատեսչություններում տեղադրվող սուրճի, վճարումների, և այլ ապարատների տեղադրման գործառույթները կատարվեն մրցույթներով։

«Այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, պետք է մրցույթ կազմակերպվի, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան ես հասկանում եմ՝ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոք ի վիճակի չէ, բայց ես կարծում եմ, որ տեխնիկական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չկա», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրը նկատեց, որ այդ թեմայով առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, բայց այսօր տեղեկանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն։ Փաշինյանը  աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը:

«Ձեր կողմից նշված խնդիրը արձանագրվել էր մեկ-երկու ուժային մարմնում և նախկինում գոյություն ունեցող կարգավորումները կառավարության որոշմամբ հնարավորություն է տրվել այդ մարմիններին առանց մրցույթի ձեռք բերվի», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Նիկոլ Փաշինյանին նրա պատասխանը չգոհացրեց։

«Եթե ես հանձնարարական եմ տալիս, ի՞նչ կապ ունի, թե կառավարության որոշմամբ ինչ կա։ Կա որոշում՝ բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք»,- ասաց նա ու հավելեց․

«Պարոն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ի՞նչ է նշանակում», - նկատեց պարոն Փաշինյանը:

Վարչապետը ջղայնացած տոնով հանձնարարական տվեց։

«Ես հիմա հրապարակային բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, որովհետև եթե մարդուն տարածք ես տալիս, որ բիզնես անի, անտրամաբանական է, որ ինքը որևէ վճարում չի կատարում», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ հավելեց, որ այդ գործառույթը իրենք են իրականացնում, աստիճանաբար փոխում են այդ պայմանագրերը։

«Կներեք, աստիճանաբար քանի՞ տարի կարող է տևել, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է՝ հանձնարականը տվել եմ, ասում եք աստիճանաբար փոխում ենք, աստիճանաբար մի փոխեք, միանգամից փոխեք», -վրդովված ասաց Նիկոլ Փաշինյանը: