«Գոլդեն Փելես»-ում մեկուսացված քաղաքացիներն ամեն ինչով ապահովվա՞ծ են․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել է Կառավարության նիստը։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներից։ Նախարարն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակվում են իրականացվել։ Սկսած սահմանային հսկողոթյունից, մինչև երկրում արձանագրված մեկ կորոնավիրուսի հաստատված դեպքով ու մեկուսացված անձանցով։
«Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը կարող եմ ասել, որ լավ է։ Որևէ մեկը գանգատ չունի, այդ թվում կորոնավիրուսով հաստատված պացինետը։ Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը։ Համարելով, որ այն վարակիչ է, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ, այսինքն՝ համատեղ բնակվող մարդկանց մոտ էլ հնարավոր է, որ չհանդիպի։ Մինչ օրս կատարվել է 162 նմուշ, ամեն օր կատարվում են նմուշառումներ, նոր դեպքեր ի հայտ գալու դեպքում կհայտնենք»,- ներկայացրեց Արսեն Թորոսյանը։
Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն ամեն ինչով ապահովվա՞ծ են։ Արսեն Թորոսյանը դրական արձագանքեց։
«Ամեն ինչով, նույնիսկ գրքեր, ինտերնետ, հեռուստացույց»,- ասաց նա ու հավելեց, որ մինչև մարտի 14-ը նրանք կգտնվեն հյուրանոցում։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 1 բերովի դեպք: Պացիենտը 29 տարեկան քաղաքացի է, նա կնոջ հետ փետրավարի 28-ին Իրանից է ժամանել Հայաստան: Մեկուսացվել է 32 անձ, նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։