Տարածաշրջանային խնդիրների կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են․ Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանի Կառավարությունում տեղի ունեցած առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո վարչապետեր Գիորգի Գախարիան և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների համար հայտարարություն արեցին։
Վրաստանի վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ իր համար պատիվ է հնարավորություն ունենալ հայկական պատվիրակությանը Թբիլիսիում հյուրընկալելու։
«Մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Մենք ամեն օր պետք է աշխատենք նրա համար, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դառնա»,- նշեց նա։
Իր հերթին Հայաստանի ղեկավարը իր անունից և հայկական պատվիրակության կողմից շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար։
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն արձանագրեց, որ երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում երկու երկրների միջեւ բարեկամությունը և էլ ավելի են ամրապնդում համագործակցության ձգտումը։
«Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն անշրջելի է մեզ համար, և ձեռք է բերել հավատամքի ուժ»,- նկատեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությունը։
«Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը։ Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային կապի մասին է»,- ասաց նա։ Վարչապետը հավելեց, որ համագործակցության առաջարկություններ են արվել, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը։
Երկու երկրների վարչապետերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին։
«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ դրանց կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, որոնց այլընտրանք չկա»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարը հավելեց նաև, որ տեղեկացել է, որ այսօր Վրաստանում նշվում է Մայրության տոնը, ինչի կապակցությամբ շնորհավորեց վրացի կանանց։