Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ավանեսյան
A A
Քաղաքականություն

Ցեմենտի ներմուծման համար պետտուրք վճարելու ժամկետը երկարաձգվեց (տեսանյութ)

«Ինչպես գիտեք, մենք տուրք էինք սահմանել ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ։ Եվ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման հետևանքով ցեմենտի ներմուծման ամսեկան ծավալները Իրանի Իսլամական Հանրապետությունից որոշակիորեն նվազել են, սակայն դրա տեղը զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Փոխնախարարն առաջարկեց ավելի լավ կարգավորում տալու նպատակով, ինչպես նաև մրցակցության տեսանկյունից ավելի խորքային ուսումնասիրությունների համար երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը։

2018 թվականին, ըստ Ավանեսյանի, Իրանից ցեմենտի ներմուծումը ամսական մոտավորապես 19 հազար տոննա էր, ծավալներն իջել են ու հասել  16 հազար 8 հարյուր տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը։ 

«Եթե մենք 2018-ին ամսական 2,8 հազար տոննա ենք ներմուծում կլինկեր, հիմա 10 հազար տոննայի է հասել։ Զուգահեռ հայկական արտադրության ծավալները չնայած որ որոշակիորեն ընկել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ»,- նշեց Էկոնոմիկայի փոխնախարարը։

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ պետական տուրք է նախատեսված եղել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որևէ տուրք սահմանված չէր։

«Ընդամենն այս նախագծով երկարաձգում ենք, և կարծում եմ՝ արդեն կհասկանանք հետագա կարգավորումների չափը։ Եվ արդյոք նույն կլինկերի համար պետտուրք պե՞տք է սահմանել, թե՞ ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»,- նշեց Ավինյանը։

Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ավանեսյանին մի խնդրանք հնչեցրեց՝ «ապագային վերաբերող»․ «Էդ մշակումների վերլուծությունների արդյունքում եկե՛ք վերջում նենց լուծում տանք, որպեսզի տուրք չլինի։ Որովհետև էս տուրք սահմանելն էդքան էլ համահունչ չէ ԵԱՏՄ կանոնների տրամաբանության հետ»։

Ըստ Գրիգորյանի՝ կամ պետք է այլ ընթացակարգով զսպող մեխանիզմ սահմանել, կամ պետք է այնպիսի օրենսդրական լուծում գտնել, որպեսզի չհակասի ԵԱՏՄ տրամաբանությանը։

Ի պատասխան՝ Ավագ Ավանեսյանն ասաց, որ միանշանակ եթե այլ կարգավորում համադրելի արդյունքներ կարող է ցույց տալ, կտրվի։ «Այստեղ կառավարության հիմնական նպատակն այն էր, որ մենք չգնանք ամբողջական դաշտը ոչ մրցակցային սարքելուն։ Այսինքն՝ որոշակի մրցակցություն պահելով՝ նաև պաշտպանենք հայկական արտադրողներին»,- ընդգծեց Էկոնոմիկայի փոխնախարարը։ 

Փոխվարչապետը Տիգրան Ավինյանը հարցրեց Մհեր Գրիգորյանին, թե արդյոք Հայաստանի ԵԱՏՄ գործընկերները կարգավորում չունե՞ն ցեմենտի հետ կապված, ազատականացվա՞ծ է, և ներմուծումն ազա՞տ է։ «Պարո՛ն Ավինյան, ես կարծում եմ, որ սա սենց թե նենց ԵԱՏՄ-ի վրա, ԵԱՏՄ երկրներից գնացող-էկողների վրա երևի թե չի տարածվում»,- ասաց Գրիգորյանը։

ԵԱՏՄ-ում, ըստ փոխվարչապետ Գրիգորյանի, գործիքակազմը երկու տեսակի է․ կամ ուղղակի արգելվում է տեղական օրենսդրությամբ, ու համարվում է վտանգ տնտեսության համար, կա՛մ այս հարցը պետք է քննարկվի ԵԱՏՄ տարածքի շրջանակներում, այլ ոչ թե առանձին երկրի։ 

Նշենք, որ կարգավորման ժամկետը լրանալու էր ապրիլի 1-ին։

Նախագիծն ընդունվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։