Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Բաբայան` վերադարձ ջազին

Մշակույթ

Երգչուհի Զարուհի Բաբայանը 2010-ին պատրաստվում է ավարտին հասցնել այն բոլոր աշխատանքները, որոնք սկսել էր դեռևս 2009-ից:

«Այս տարի կթողարկվի նոր ձայնասկավառակ,որի ձայնագրություններն արվել են դեռևս 2009-ից: Լինելու է հայկական ռիթմերով, պարային ձայնասկավառակ: Ձայնասկավառակը հիմնականում բաղկացած է լինելու աշխույժ երգերից, դանդաղ երգեր կլինեն միայն երկուսը, որոնց մեկի հեղինակն է Արման Ղազարյանը, մյուսինը Արսեն Գրիգորյանը»,- ասում է երգչուհին:

Ձայնասկավառակի երգերից մեկը առանձնահատուկ նշանակություն ունի Զարուհի Բաբայանի համար: Երգը, որը կոչվում է «Հույս ու սեր», անձնական երջանկության մասին է: «Երգը գրել է Արման Ղազարյանը, իսկ խոսքերի հեղինակը Սրբուհի Ստամբոլցյանն է: Այս երգով ցանկացա պատմել իմ ընտանիքի մասին: Բավականին հետաքրքիր և լուսավոր երգ է ստացվել: Երգը այն մասին է, որ ընտանիքում երբ կա սեր, երբ կան երեխաներ, շատ կարևոր է, որ նրանց ձայները, ճիչերը միշտ լսվեն: Շատ կարևոր է նաև, որ երեխաները մեծանան սիրո մթնոլորտում: Այս երգում ինձ հետ միասին երգել են նաև Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» խմբի երեխաները»,- պատմում է երգչուհին:

Երգչուհին որոշել է տեսահոլովակ նկարահանել այս երգի հիման վրա:

Սակայն Զարուհի Բաբայանի ստեղծագործական աշխատանքները 2010-ում չեն եզրափակվի միայն այսքանով:

«Այս տարի պիտի սկսեմ և ավարտին հասցնեմ իմ հաջորդ նախագիծը, որտեղ լինելու են միայն ջազային ստեղծագործություններ, որովհետև արդեն զգում եմ դրա պահանջը` վերադառնալ սկիզբ, այսինքն նրա, ինչից սկսել եմ: Ասեմ, որ բացի նրանից ,որ այդ աշխատանքները ինձ են հետաքրքիր լինելու, այլ նաև այն հեղինակների համար, ում հետ պիտի աշխատեմ: Միգուցե անակնկալ կլինի, բայց այնպիսի հեղինակների անուններ են լինելու, ովքեր առաջին անգամ են փորձ անելու նման ժանրում ստեղծագործել: Արդեն ունենք պայմանավորվածություն Սիրուշոյի, Արսեն Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի և էլի մի քանիսի հետ, ովքեր պիտի ստեղծագործեն ջազի ժանրում»,- պատմում է երգչուհին:

Նշենք նաև այն, որ երգչուհին 2009-ում ունեցել է իր համար կարևոր ձեռքբերում` բացվել է Զարուհի Բաբայանի երգի ստուդիան, որտեղ դասավանդում է նաև հենց ինքը` երգչուհին: