Բացել լրահոսը Փակել լրահոսը
84827332_3312734842077006_8108146038570745856_n
A A
Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հինգ բուհերի միջև հուշագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի հինգ բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի , Շիրակի պետական համալսարանի, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի և «Ուրարտու» համալսարանի ռեկտորների հետ համատեղ հուշագիր ստորագրեց։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը միտված է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացմանը։ Հուշագրի շրջանակներում նախարարությունը պատրաստվում է համագործակցել մասնագետների հետ՝ այս համակարգում նոր սոցիալական տեխնոլոգիաներ կիրառելու համար։

«Ամբողջ աշխարհում ամենակարևոր և պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է, չի կարող սոցիալական ոլորտի հասցեական աջակցություն լինել՝ անհատի կարիքի վրա հիմնված, առանց այս աշխատանքի իրականացման։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող համակարգում մասնագետների աշխատակիցների ավելի քան 85 տոկոսը սոցիալական մասնագետներ չեն։ Մինչդեռ տարիներ շարունակ կրթել են մասնագետների, որից ցավոք պետական կառավարման և համայնքային մակարդակներում չեն օգտվել։ Ես սա կհամարեմ անգործություն, ուստի իրավիճակը փոխելու և փոփոխություններ բերելու համար պետք է օգտվենք այն ռեսուրսներից, որը այսօր առաջարկվում է»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է՝ հուշագրի ստորագրումը միտված է, որպեսզի բուհերի սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ շրջանավարտներին փորձեն ներգրավել նախարարության կողմից ստեղծվող սոցիալական աջակցության միասնական գրասենյակի աշխատակազմում։

«Բուհերը կուսումնասիրեն իրենց շրջանավարտների տվյալները, կհասկանան՝ տվյալ մասնագիտության մեջ ո՞ր մասնագետն է հետաքրքրված մեզ հետ համագործակցելու, մենք կվերապատրաստենք նրանց, և նրանք, մասնակցելով մեր կողմից հայտարարվող մրցույթներում, կներգավվեն մեր կառուցվածքային միավորներում՝ որպես աշխատակիցներ»։