Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը․ Տավուշի մարզպետ․ ուղիղ (տեսանյութ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բնապահպանության ոլորտում պլանավորվածից ավելի շատ ներդրումներ են ապահովել։ Ամենակարևոր ձեռքբերումը, ըստ մարզպետի, անտառի կառավարման ոլորտում կատարված փոփոխությունն է.

«Նախորդ տարի մենք կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը, այս պրոցեսը կանգնեցնելը հեշտ չէ, որովհետև հնչել են կարծիքներ, որ այս ոլորտում տարեկան շրջանառվել է հինգ հարյուր միլիոն դոլար տարեկան սև եկամուտ։ Սա նշանակում է, որ այս գործընթացը, որը սկսվեց և հաջողությամբ պահվում է, հինգ հարյուր միլիոն դոլար սև եկամուտ ձևավորող և արդեն տասնամյակներ ձևավորված կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց է։ Այսօր մենք շարունակում ենք մեր հաստատակամ քայլերը այն առումով, որ վաղը արձանագրենք, որ անտառը պահվում է պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ, որի նպատակը հենց անտառի պահպանումն ու կառավարումն է»։

Մարզպետը վստահեցրեց՝ Հայաստանում անտառները այլևս գտնվում են պետական բացարձակ հոգածության ներքո, մեր երկրում ապօրինի անտառհատում չի լինելու.

«Մենք կարողացել ենք առնվազն տասնապատիկ կրճատել ապօրինի անտառհատման ծավալները»։

Անտառվերականգնման ոլորտում ևս մի շարք աշխատանքներ են կատարվել, վստահեցրեց Չոբանյանը։