Բացել լրահոսը Փակել լրահոսը
84669266_1804117329719803_8724785819086225408_o
A A
Հասարակություն

Բանտ վերադառնալու գայթակղությունը մեծ է (տեսանյութ)

Հայաստանում ազատազրկված անձանց վերասոցիալականացման հարցում կա օրենքի և իրականացման բախում։

«Բավականին շատ են այն անձիք, ովքեր ազատ արձակվելուց հետո վերադառնում են ՔԿՀ, քանի որ այնտեղ նրանց կենցաղի հարցը լուծված է, այդ բեռը պետության վրա է։  Դուրս գալով ՔԿՀ-ից և բախվելով այդ խնդիրներին՝ հանցագործություն կատարելու և  վերադառնալու գայթակղությունը մեծ է», -ասում  է  «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը 

Խնդիրներից մյուսը կապված է ՔԿՀ-ում գտնվողների առաջարկվող աշխատանքի հետ։ «Վարձատրվող աշխատանքներում ներգրավվում են միայն դատապարտյալները, կալանավորները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում աշխատելու հնարավորություն չեն ունենում»,- ասում է  Նարե Հովհաննիսյանը։

Քրեակատարողական հիմնարկներում կան վարձատրվող և չվարձատրվող աշխատատեղեր, բայց դրանք շատ քիչ են, ու կա աշխատանքի բաշխման անհավասարություն։

Աշխատանքի հետ կապված խնդիրներին հիմնականում բախվում են խոցելի խմբի ներկայացուցիչները՝ հիմանականում հաշմանդամություն ունեցող անձինք  ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում անտեսված են նրանց աշխատանքի  առանձնահատկությունները։ Իսկ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ըստ Նարե Հովհաննիսյանի, կատարում են այնպիսի աշխատանք, որը չի վարձատրվում և պիտակավորվում է․ օրինակ՝  զուգարաններն  են մաքրում։

Անհավասարություն կա կրթության իրականացման առումով։ «Մեդիա կենտրոնում» նա նշեց, որ հանրակրթության իրավունք ունեն ազատազրկված այն անձինք ,որոնք մինչև 19 տարեկան են, մյուսները, ցանկության դեպքում անգամ չեն կարող օգտվել այդ հնարավորությունից։

«Բացի այդ, բարձրագույն կրթություն կարող են ստանալ այն դեպքում , երբ կա ֆինանսավորում ազատազրկված անձանց հարազատների կողմից, ինչից կարելի է ենթադրել, որ ցանկությունը շատ քիչ է բարձրագույն կրթություն ստանալու համար»,-ասում է նա։

Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ նախկին դատապարտյալները չվերադառնան քրեակատարողական հիմնարկ։ 

«Պետք է պետությունը որոշակի մեխանիզմ մշակի, որը, ըստ անհրաժեշտության, անձանց կապահովվի ժամանակավոր ապաստանով ու աշխատանքով, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակությանը։ Ցավոք, այսօր վերասոցիալականացման համար մշակված հստակ մեխանիզմ չկա»,- նշեց նա։