Ինչո՞ւ հետ կանչվեց նախագիծը․ պարզաբանում է Վլադիմիր Վարդանյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե նախագծի հեղինակը հայտնաբերում է որևէ տեսակի, նույնիսկ տեխնիկական խնդիր, որը կարող է իրավական որոշակիության առումով խնդիրներ առաջացնել, նա պարտավորություն է կրում շտկել սխալները։ Դրա ընթացակարգերից մեկը նաև նախագիծը հետ կանչելն է և նույնաբովանդակ նախագիծը դնել շրջանառության մեջ»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի օրակարգից Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծի հետկանչմանը:
Վարդանյանը նշեց, որ տեխնիկական խնդիրները կարող են վերաբերել ժամկետին, ստորակետին, բութին, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում նախատեսված պահանջներին և այլն։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքը ինչո՞ւ չի ստորագրել նախագծի տակ, Վարդանյանն ասաց․
«Ես ՀՀ-ում չեմ գտնվել և հնարավորություն չունեի ֆիզիկապես միանալ նախագծին: Երկրորդ՝ ես չեմ կարող հասկանալ և չեմ ուզում հասկանալ այս քննարկումը, որը ծավալվել է հիմնականում սոցիալական ցանցերում՝ թե ինչու են ստորագրել, կամ ինչու չեն ստորագրել: ԱԺ պատգամավորն իրավունք ունի միանալ կամ չմիանալ այս կամ այն նախագծին, ԱԺ պատգամավորնեի մեկ քառորդը ձևավորում առանձին սուբյեկտ, որը այս նախագծը կարող է հեղինակել, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Հարցին, թե հակասահմանադրականության խնդիր չի տեսնում Սահմանադրական փոփոխությունների նախագծում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ հակասահմանադրականության խնդիրներն ի հայտ են գալիս երկու պարագայում՝ կամ ի սկզբանե լինում են, կամ դրանք պարզվում են իրավակիրառ պրակտիկայի ընթացքում․
«Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ որևիցե փուլում, որևիցե գումարման ԱԺ-ի կողմից ընդունվել է որևիցե նախագիծ, որը պարունակել է կամ չի պարունակել հակասահմանադրական նորմեր»։
Վարդանյանի խոսքով՝ նախագիծը դեռևս չի էլ քննարկվել ԱԺ-ում, և արդեն մեկնաբանություններ են հնչում, վստահեցրեց, որ հակասահմանադրական ընթացակարգեր նախագծում չկան, կամ առնվազն նման լրջագույն խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Սահմանադրության այս կամ այն նորմի կիրառման հետ։
«Բովանադակությունը վերաբերում է այն հոդվածներին, որոնք հնարավոր է փոխել ՀՀ ԱԺ-ի կողմից»։
Հարցին՝ այս նախագիծը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ուղարկվելո՞ւ է ՍԴ՝ եզրակացություն ստանալու նպատակով, Վլադիմիր Վարդանյանը արձագանքեց․
«Եթե օրենքն ընդունվի առաջին ընթերցմամբ, ապա այն պետք է անցնի բոլոր ընթացակարգերը, որոնք նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով»:
Դիտարկմանը, որ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը նաև առաջարկում էր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում էլ փոփոխություն կատարել և եզրակացության համար չուղարկել ՍԴ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը նշեց.
«Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, հեղինակն այդ նախագիծն օրակարգից հանել է»: