«Նույնիսկ ամենամոտ դաշնակիցների դիրքորոշումները չեն կարող լինել նույնական» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2017 թվականի փետրվարի 20-ին ընդունված Արցախի Սահմանադրությունը վերջնականապես ուժի մեջ է մտնելու 2020-ի մարտի 31-ին»,- «Թեքեյան» կենտրոնում «Արցախը փոփոխությունների նախաշեմին։ Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ Մելիքյանի՝ փոփոխված Սահմանադրությամբ, երբ խոսք է գնում նախագահի և կառավարության մասին, ըստ էության, գործ ունենք մեկ միասնական ինստիտուտի հետ, իսկ պետնախարարը որևէ կերպ վարչապետի լիազորություններ չունի։
Անդրադառնալով Արցախում այս տարի կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ Մելիքյանը կարևորեց դիտորդական առաքելության իրականացումն ընտրությունների ընթացքում։
Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ այն մտքին, որ Հայաստանի և Արցախի մոտեցումները նույնական են, ասաց, որ դրանք չեն կարող նույնական լինել, քանի որ տարբեր քաղաքական սուբյեկտների են։
«Նույնիսկ աշխարհաքաղաքական ամենամոտ դաշնակիցների դիրքորոշումները չեն կարող լինել նույնական։ Ներեցե՛ք նույնիսկ մարզի կարգավիճակով Հայաստանի երկու մարզերի ղեկավարների դիրքորոշումները (տնտեսական, թե ինչ հարցերով) չեն կարող լինել նույնական»,- նշեց քաղաքական գործիչը։ Ըստ գործչի՝ երբ որ բարձրացվում է կարգավորման հարցում նույնական լինելը, հարված է հասցվում Արցախի սուբյեկտայնությանը։
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջ Փաշինյանի, իր կողմնակիցների հռետորաբանությունը տանում է դեպի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության լեգիտիմացում։
«Նույնիսկ իրենք որ խոսել են՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների մաս, իրական նպատակը եղել է հենց այդ «ադրբեջանական համայնքին» սարքել բանակցությունների մաս»,- նշեց Դանիելյանը։ Ըստ «Ադեկվադ»-ի համահիմնադրի՝ Փաշինյանը հետո ասելու է՝ «Ես հող հանձնող չեմ, չեմ հանձնելու հողեր։ Ես ընդամենը բնակեցնելու եմ այստեղ ժամանակին բնակված ադրբեջանցիներին»։
Մանրամասները՝ տեսանյութերում։