Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՙԱռավոտ՚-ն ու ԻԱԿ-ն ընդդեմ մարզպետարանի

Մարզեր

Կառավարությունը 2005-ից 2007 թվականներին մարզպետարաններին հատկացրել է 10-ական միլիոն, իսկ 2008 եւ 2009 թվականներին՝ 20-ական միլիոն դրամ:

ՙԱռավոտ՚ օրաթերթի աշխատակիցը հարցում է կատարել հանրապետության մարզպետարաններին՝ տեղեկանալու համար, թե կառավարությունից ստացված գումարներն ինչ նպատակների համար են ծախսվել:

Պատասխան է ստացվել միայն Արարատի եւ Արմավիրի մարզպետարաններից: Իսկ օրաթերթն էլ դատական հայց է ներկայացրել տեղեկատվություն չտրամադրած մարզպետարանների դեմ:

Այսօր Շիրակի մարզի Վարչական դատարանում կայացել է ՙԱռավոտ՚ օրաթերթի   եւ ԻԱԿ-ն՝ ընդդեմ Շիրակի մարզպետարանի հայցով դատավարության նախնական նիստը:

2009-ի օգոստոսին ՙԱռավոտ՚ օրաթերթի աշխատակից Արամ Զաքարյանն էլեկտրոնային փոստով հարցում է հղել Շիրակի մարզպետարանին՝ տեղեկատվություն պահանջելով այդ գումարների ծախսման վերաբերյալ: Սակայն պատասխան չի ստացվել:

Դատարանում Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները վստահեցրին, որ տեղեկատվության մասին հարցում չեն ստացել: Նրանք նաեւ նշեցին, որ այն ստանալու դեպքում պահանջված տեղեկատվությունն անպայման կտրամադրեին:

ՙԱռավոտ՚-ն ավելի ուշ մարզպետարանից առաջարկություն է ստացել համագործակցության պայմանագիր կնքել, որտեղ նախկինում արված հարցումը չստանալու մասին չի հիշատակվում: Սակայն մարզպետարանի ներկայացուցիչները պնդեցին, որ հարցումը չեն ստացել: Ավելին, նշեցին որ այդ հին հասցեն արդեն մեկ տարուց ավել է, ինչ չի գործում:

ՙԲայց ես այսօր առավոտյան [email protected] հասցեին ողջույնի խոսքեր եմ ուղարկել եւ տեղ հասավ՚, - իր զարմանքը հայտնեց հայցվոր կողմի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը:

Ըստ մարզպետարանի ներկայացուցիչների՝ կայքն իրենց է տրամադրել այլ կազմակերպություն: Այնտեղ պահանջվում է ստեղծել մարզպետարանի բոլոր աշխատակիցների անվամբ էլեկտրոնային հասցեներ, որպեսզի հնարավոր լինի նրանց մասին տեղեկություններ հրապարակել կայքում: Նրանց պնդմամբ՝ այդ հասցեն այլ նպատակով հնարավոր չէ օգտագործել:

Փաստաբանը հայտնեց, որ կայքի գործելը կարելի է ստուգել՝ նամակ ուղարկելով եւ ստուգելով. եթե տեղ հասավ, ուրեմն հասցեն գործում է, եւ ՙԱռավոտ՚-ի հարցումը ստացվել է:

Դատարանը որոշեց ընդհատել դատավարությունը, եւ հաջորդ դատական նիստին ապահովել անհրաժեշտ պարագաները՝ մարզպետարանի նշված էլ հասցեի աշխատանքը ստուգելու համար: Հաջորդ դատական նիստի օրվա մասին կողմերին կտեղեկացվի գրությամբ:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ