Փաստաբան ունենք, որ դատարանում ձայնի ուղղությամբ միայն գլուխն է շարժում․ Գևորգ Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխության համաձայն՝ մարդը, որը կցանկանա իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվի իր համար վստահելի մեկը, որը չունի փաստաբանի վկայական, կկարողանա ներկայացնել իր վստահորդի շահերը։
Մինչդեռ նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, բացառությամբ որոշ դեպքերի։
«Այնպես չէ, որ մենք ասում ենք՝ ցանկացած մեկին, ում մատնացույց արեց վստահորդը, թույլ կտանք մտնի դատավարական պրոցես։ Մենք պահանջներ ենք դրել՝ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, այն գործունակ քաղաքացին, որն ունի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և գործը դատարանում վարելու օրենքով սահմանված պատշաճ լիազորություն»,- հայտնեց Գևորգ Պետրոսյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը ամենևին այն կարծիքին չէ, որը բոլոր փաստաբանները լավ մասնագետներ են և տիրապետում են գործին։
«Թող ինձ ներեն Հայաստանում բարձր որակավորում ունեցող փաստաբանները, բայց էսօր փաստաբան ունենք, որ դատարանում ձայնի ուղղությամբ միայն գլուխն է շարժում, որ հարցնես գործի էությունից տեղյակ չէ, օրվա մեջ 30 գործ է վարում, գալիս է դատարան վստահորդին հարցնում՝ էսօր ո՞ր գործով էի եկել։ Ինչ ասում եմ կարող եմ ապացուցել, որևէ մեկի կոչումը նսեմացնելու ո՛չ նպատակ ունեմ, ո՛չ էլ իրավունք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նկատեց՝ կլինեն անձինք, որոնք, չունենալով փաստաբանի արտոնագիր, կներկայացնեն որևէ անձի շահ և նրանից գումար կվերցեն, որից հետո պետական բյուջե վճարումներ չեն կատարում։ Նա հետաքրքրվեց Գևորգ Պետորոսյանից՝ ռիսկ չե՞ք տեսնում, որ փաստաբանի արտոնություն չունեցողը կարող է թաքցնել եկամուտները, իսկ փաստաբաններն էլ մրցակցությունից դուրս կմնան։
Ի պատասխան Գևորգ Պետրոսյանը նշեց. «Փաստաբաններ կան, որոն ձևականորեն գումար չեն վերցնում վստահորդից, որովհետև օրենքով փաստաբանը կարող է ներկայացնել թե՛ վճարովի, թե՛ անվճար, իրականում պայմանգրում վճարի մասին չեն գրում, որ հարկ չվճարեն, հիմա բա սրա ռիսկերը ո՞րն է։ Այստեղ խնդիրն այն չի, որ մենք պետական բյուջեից խուսափում ենք, այդ դեպքում եկենք մտածենք, որ այս իրավակարգումից հետո նաև այլ իրավակարգում ապահովվի, որ եթե դու մտնում է դատարան, քո պայմանագրի բովանդակությունը ստուգվի»,- առաջարկեց Գևորգ Պետրոսյանը։