Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ լինելը արվեստ չէ» (տեսանյութ)

Մշակույթ

«Իմ փոխարեն խոսում են իմ ֆիլմերն ու լուսանկարները: Դրանք ավելի շատ երկխոսություն են, քան պարզ ինֆորմացիայի փոխանցում: Ես ուսուցիչ չեմ, որ դաս տամ, կամ սովորեցնեմ, պարզապես նյութ եմ ներկայացնում, որը մտածելու եւ վերլուծելու տեղիք տա»,- ասում է գերմանահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր եւ լուսանկարիչ Դոն Ասկարյանը:

Ռեժիսորը կրկին Հայաստանում է եւ այս անգամ ներկայացնելու է իր նոր «Հայրը» ֆիլմը: Այսօր Նարեկացի արվեստի կենտրոնում կազմակերպվել էր նրա հանդիպումը հայ երիտասարդ կինոռեժիսորների հետ, ցուցադրվեցին նաեւ ռեժիսորի ֆոտոնկարները եւ «Արարատ 14» ֆիլմը: Չորս օրվա ընթացքում այստեղ ներկայացվելու են Դոն Ասկարյանի բոլոր ֆիլմերը, ռեժիսորը նաեւ հանդես է գալու վարպետության դասերով:

Դոն Ասկարյանը պատմեց, որ ֆիլմ ստեղծելիս փորձում է ոչ թե թելադրել, այլ ենթարկվել ներքին օրենքների:

«Իմ միջոցները իմ գործողությունները ուղղված են կինոմատոգրաֆիկ ճշմարտությունը հայտնաբերելու նպատակին, ինձ համար նյութ կարող է դառնալ նույնիսկ վերջին աղբը: Այլ հարց է, թե այդ աղբը ինչպես կընդունի հասարակությունը»,-ասաց նա:

Ընդհանրապես, Դոն Ասկարյանը իր հանդիսատեսի գնահատականին միանշանակ չի վերաբերում: «Ես հանդիսատեսին վերաբերում եմ ոչ թե ինչ որ մի մոխրագույն մասսայի, այլ որպես անձերի մի խմբի` յուրահատուկ տպավորություններով եւ վերաբերմունքով: Եվ ըստ այդմ էլ ակնկալում եմ իմ ցուցադրածի վերաբերյալ տարբեր ռեակցիաներ»,-նշեց ռեժիսորը: Նա, սակայն գտնում է որ ֆիլմերը չպետք է պրոպագանդեն կամ դոգմատիկ լինեն:

Այդպիսիք Դոն Ասկարյանը համարում է խորհրդային տարիների կինեմատոգրաֆիա. «Այդ համակարգը ինձ համար ստրուկների համակարգ էր, որը կինոն օգտագործում էր որպես պրոպագանդայի միջոց»:

Դոն Ասկարյանը ծննդով Արցախից է, 70 ականներին բանտարկվեց որպես այլախոհ եւ հեռացավ Արեւմտյան Բեռլին: Վերջին 30 տարիներին նա աշխատում եւ ապրում է Գերմանիայում Նիդերլանդներում, այնտեղ էլ հիմնել է սեփական կինոընկերությունները:
Այսօր նա բազմաթիվ միջազգային կինոմրցանակաբաշխությունների դափնեկիր է իսկ նրա ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից:

Այսօրվա հայ կինոյի վերաբերյալ Դոն Ասկարյանը չցանկացավ խոսել ասելով, որ լավատեղյակ չէ իրավիճակին:

Հայրենասիրության մասին Դոն Ասկարյանի պատկերացումները եւս տարբեր էին:
«Հայ լինելը դա արվեստ չէ: Ինձ համար ճշմարտությունը ավելի բարձր է, քանի էժանագին հայրենասիրական կոչերը: Ես օրինակ, մինչ օրս Հայաստանից իմ ֆիլմերի համար որեւէ կոպեկ չեմ ստացել, թեեւ դրանք հայկական են: Սակայն, ասել, թե Հայաստանից նեղացած եմ` սխալ կլինի»,- նշեց նա:

Հանդիպմանը ներկա էին նաեւ մի շարք հայ կինոռեժիսորներ որոնց համար դոն Ասկարյանի հետ հանդիպումը համագործակցելու եւ իրենց ստեղծագործությունները ներկայացնելու առիթ էր:

Հայ ռեժիսորների հետ Ասկարյանը պատրաստ է համագործակցել: «Ես բաց եմ համագործակցության համար , սակայն իմ հետաքրքրությունները եւ պահանջները պետք է հաշվի առնվեն: Առաջինը իմ անկախությունն ու ազատությունն են»,- ասաց նա:

Սողոմոն Թեհլերյանի, Կոմիտասի եւ Արցախի մասին պատմող ֆիլմերի հեղինակը այսօր դեմ չէ հայ թուրքական հարաբերությունների լավացմանը, սակայն գտնում է որ չի կարելի դա անել խաբեությամբ:

«Հայ-թուրքական վերջին իրադարձությունները ավելի շուտ տիկնիկային թատրոն է: Հայերը պետք է խոսեն իրենց շահերից: Այսօր ճշմարտությունը շատ է աղճատված, պետք է մաքրենք այն, հետո տեսնենք ինչ ենք ուզում իրարից»,- ասաց նա եւ նկատեց, որ թուրքերի հետ կարելի է բանակցել միայն երբ նրանք ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության համար: