Մոտակա 1-2 տարիներին Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի․ Ռուբեն Սաֆրաստյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ամերիկա–իրանական հակամարտության առաջին փուլն ավարտված է, այսինքն՝ մարտավարական փուլը։ Հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն»,- նման տեսակետ է հայտնում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա ընդգծում է, որ Իրանը հստակ հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի վերջ տա ամերիկյան զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արևելքում։ Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ սա իսկապես կարևոր ռազմավարական նպատակ է և կարևոր հետևանքներ կարող է ունենալ։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, բանախոսն ասում է՝ այստեղ խնդիրները միանշանակ չեն․
«Երբ իշխանության էր գալիս Թրամփը և հայտարարում էր, որ իր համար կարևորը ԱՄՆ-ն է։ Դրանից ելնելով՝ հայտարարում էր, որ պետք ձգտի թուլացնել ամերիկյան ռազմական ներկայությունը մեր մոլորակի տարբեր տարածաշրջաններում»։
Բանախոսը կարծում է՝ Թրամփի այս մոտեցումը չի կիսում ամերիկյան կառավարող դասը, և դրանով է պայմանավորված այն, որ այս նպատակը Թրամփը չի կարողանում իրականցնել։
Այնուամենայնիվ, բանախոսը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը զորքերը չհանի, ապա Իրան–ԱՄՆ բախումը կտեղափոխվի այլ հարթություն․
«Ես կարծում եմ՝ մոտակա 1-2 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում հանգիստ չի լինի։ Երկու երկրները իրենց նպատակները արդեն շատ հստակ դրել են»։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի գործողություններին, Սաֆրաստյանն ասում է՝ Թուրքիան ևս իր նպատակը հստակ ձեւակերպել է՝ դառնալ տարածաշրջանային առումով առաջատար պետություն, որոշումներ ընդունող ուժի կենտրոն Մերձավոր Արևելքում:
Թուրքիայի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում հենց այս նպատակին են միտված, կարծում է բանախոսը․
«Թուրքիան իր զինված ուժերով ագրեսիա է իրականացրել եւ ներկայություն է ապահովել Հյուսիսային Սիրիայում, վերջերս Թուրքիայից հնչեց պաշտոնական հայտարարություն, որ Սիրիայի տարածքի 8 հազար քառակուսի կիլոմետր գտնվում է Թուրքիայի հսկողության ներքո: Այսինքն՝ հարևան պետության այդպիսի տարածք Թուրքիան, ըստ էության, օկուպացրել է: Թուրքական 40 հազարանոց բանակը գտնվում է Կիպրոսում: Թուրքական բանակը հիմա սկսում է տեղափոխվել Լիբիա: Թուրքիան ունի իր ռազմաբազաները և՛ Աֆրիկայում, և՛ Կատարում: Սա ինձ հնարավորություն է տվել դեռևս անցյալ տարի գալ եզրակացության, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտնում է մի նոր փուլ, որի էությունն է զինված ուժերի օգտագործումը՝ լինի Սիրիայում, Լիբիայում, կամ մեկ այլ տեղ: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր մի փուլ իր բոլոր հարեւանների համար, եւ Թուրքիան չի զլանում օգտագործել իր զինված պոտենցիալը, որը բավականին ուժեղ է: Մերձավոր Արեւելքում ամենաուժեղ զինված ուժերն են և վտանգավոր են»,- ընդգծում է Ռուբեն Սաֆրաստյանը: