Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սեւանա լիճ կենսունակ տարիքի մանրաձուկ է լցվել․ Էրիկ Գրիգորյան

Տարեկան հաշվարկով 100 մլն խ/մ ծավալի ջրախնայողություն է իրականացվել․ այսօր տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի  նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ 100մլն խ/մ տարեկան  ջուրը շատ ավելի մեծ ջրաքանակ է, քան ամբողջ Երևան քաղաքի բոլոր քաղաքացիների օգտագործած ջուրը։

«Փոքր ՀԷԿ -երի մեծ մասը, ավելի քան 100 ՀԷԿ, ունի ջրաչափեր, և մենք կարողանում ենք հետևել ջրառի չափին։ Անտառային ոլորտում փոփոխությունները բազմաթիվ են․ քրեական  օրենսգրքում կատարված փոփոխությունները զգալիորեն խստացրեցին անտառահատումների համար պատասխանատվությունը, եթե նախկինում հնարավոր էր ամենօրյա պարբերականությամբ անտառահատում իրականացնել և սահմանափակվել վարչական իրավախախտումներով, բազմաթիվ ձևով փորձել ենք բացերը փակել, և կարծում ենք՝ դա բերել է անտառահատումների նվազեցման»։

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ վերջերս «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ»-ը ևս 1,2 մլն դոլարի դրամաշնորհ է հաստատել Հայաստանի Հանրապետությանը, որը հողերի դեգրադացման դեմ պայքարի համար է։

Շրջակա միջավայրի նախարարը տեղեկացրեց, որ Սևանա լճից այս տարի ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված է եղել։ Այն կազմել է մոտ 143 մլն խ/մ, որը 56 մլն խ/մ-ով քիչ է, քան անցած տարի։

«Սևանում մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, առաջին անգամ 4-5 տարվա մեջ կենսունակ տարիքի մանրաձուկ է լցվել, և կարծում ենք՝ վերարտադրությունը մեծ կլինի։ Գերմանիայի գիտության նախարարությունը 500 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրվեն Սևանի որակի հետ կապված խնդիրները և տեղի գիտնականների հետ աշխատելով՝ նոր լուծումներ հայտնաբերվեն»։

Էրիկ Գրիգորյանը ավելացրեց, որ Կառավարությունը հստակեցրել է ձկան որսի հետ կապված օրենսդրական շրջանակը։

«Մյուս քայլը հարկային օրենսգրքում ու վարչական իրավախախտումների փոփոխություններն են, որի նպատակն է ապահովել որոշակի կենսակայուն ձկնապաշար և թույլատրել այդ ձկնապաշարի որսը։ Որպեսզի ձուկը չվաճառվի 200-400 դրամով, քանի որ գողացված ձուկ է և որսացող ուզում է արագ ազատվել ձկից։ Մեր քաղաքականությունը ուղղված է նրան, որ օրենսդրական շրջանակ կարողանանք ապահովենք և թույլտվություն տանք, որպեսզի ձուկը օրինական ձևով որսվի, և պաշարը համալրվի»,- ասաց նա։