Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Դատարաններն անկախ չեն ռոբասերժական համակարգից»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

Անցնող տարին ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն արտաքին քաղաքականության  տեսանկյունից բարեհաջող է համարում, հատկապես դրական տեղաշարժ է համարում հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների բարեհաջող ընթացքը։

Անդրադառնալով ներքին քաղաքական գործընթացներին՝ ՀԱԿ փոխնախագահը նկատում է, որ իշխանությունները բարեփոխումներ իրականացնելիս դանդաղկոտություն են ցուցաբերում։ Նրա կարծիքով՝ այդկերպ իշխանությունները վախենում են միջազգային գնահատականներից, սակայն հեղափոխությունը, Արամ Մանուկյանի խոսքով,  ունի իր կանոնները և արագությունը, քանի դեռ չի ավարտել խնդիրները, իշխանությունները նույն արագությամբ պետք է շարունակեն գործել։

 «Քանի որ ընդունված կանոններ կան, ռեֆորմներ կարելի է անել մեկ տարի, տարի ու կես, և հաշվի պետք է առնել, որ Հայաստանը նորմալ կանխատեսելի զարգացման փուլում չէ, հեղափոխությունը կատարվել է հանցավոր ռեժիմի դեմ, որը 20 տարի կերել է երկիրը, ունի ուժ և լծակներ՝ հարամելու ամբողջ ընթացքը, իրենց հետ «բարև ձեզ ինչպես եք» սկզբունքով չի կարելի աշխատել։ Հարկավոր է ռեֆորմների արագություն տալ, որ հետ վերադարձը բացառվի»։

Արամ Մանուկյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանում իրականացվող բարեփոխումների ծրագրին, նշում է, որ իշխանությունները փորձում են խնդիրը լուծել ամենաքաղաքակիրթ ճանապարհով։

«Փաստարկները լավ են, որ պետք է դատարանները անկախ լինեն, նրանց վրա ազդեցություն չլինի, բայց պրոցեսը հապաղում է։ Լավ, եթե դուք ցանկանում եք՝ դատարանը անկախ լինի, չէ՞ որ իրենք անկախ են իշխանությունից, բայց անկախ չեն ռոբասերժական համակարգից, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանն անկախ չէ։ Ակնհայտ է, որ այդ ուժերը հին «մաֆիոզ» կլանների պատվերն են կատարում»։

 Արամ Մանուկյանը, անդրադառնալով նաև իշխանությունների կողմից արված հայտարարություններին՝ Արցախի՝ բանակցային կողմ վերդառնալու վերաբերյալ, նշեց, որ Լևոն Տեր- Պետրոսյանը դեռ տարիներ առաջ ասել է, որ Ղարաբաղը հանդիսանում է բանակցային լիարժեք կողմ, և Ղարաբաղը բարձրացնում է իր ինքնորոշման հարցն ու իր իրավունքներն է պահանջում ։

«Այսպիսով Ղարաբաղը դարձավ բանակցային լիարժեք կողմ։ Բայց այս պարծենկոտ հերոսը, որ հիմա բանտում է, եկավ ու հարամեց այդ ֆորմատը, ասեց՝ և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի տեղը ես կպատասխանեմ, ու կոնֆլիկտը փոխվեց և դարձավ Հայաստան- Ադրբեջան և տարածքի համար իրականացվող  պայքար։ Եվ հիմա մեր պայքարը դժվարացավ, ծանոթանում ենք, թե Արևմուտքին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ինչեր են խոստացել և մեր ազնիվ պայքարի որակը խեղաթյուրել են, ու հիմա ավելի դժվար է դարձել։ Բայց այդ խնդիրը պետք է լուծվի և ինչքան ուշ լուծվի, այնքան մեզ համար հավանականությունը բարենպաստ չի լինի։ Մենք ունենք քաղաքական հիվանդություն՝ պրոցեսներին վախենալ ուղիղ նայելու։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի այդ «հիվանդությունը» և զգուշավորությունը, իրար հակասող հայտարարությունները չեն տալիս ինֆորմացիա, որ նա ուզում է այդ խնդիրը լուծել։ Ակնհայտ է, որ խնդիրը լուծվելու է փոխզիջումների միջոցով։ Բայց անցել է տարի ու կես, բայց դեռևս բանակցություններ չկան»։