Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Լուսավոր Հայաստանը» նշում է հիմնադրման 4-ամյակը (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր նշում է հիմնադրման 4-ամյակը։

Միջոցառմանը ներկա են ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցության անդամները՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը, Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանը, ԼՀ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Տարոն Սիմոնյանը, լրագրողներ Աննա Իսրայելյանը, Նարեկ Գալստյանը, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և այլք։
 
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց կարճ ֆիլմ՝ նվիրված կուսակցության հիմնադրմանը, այլ քաղաքական ուժերի հետ դաշինքների կազմմանը, գործունեությանը, այդ թվում՝ Երևանի ավագանիում և խորհրդարանում աշխատած «Ելք» դաշինքին։ 
 
Դավիթ Խաժակյանն իր ելույթում շնորհավորեց կուսակցության հիմնադրման առթիվ։ 
 
««Լուսավոր Հայաստանը» միշտ եղել է արմատական և ծայրահեղական մոտեցումների բախման կիզակետում, և մենք խնդիրներին փորձել ենք տալ բալանսավորված լուծումներ», - նշեց նա։
 
Խաժակյանի կարծիքով՝ Հայաստանում պետական, քաղաքական, իրավական ինստիտուտների զարգացումը կարող է Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի պետություն։ Գործիչն ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» փորձում է բալանսավորել Հայաստանում առկա միանձնյա իշխանությանը։ 
 
Անի Սամսոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» նորընտիր խորհրդարանի երրորդ ուժն է և քաղաքական դաշտի էական դերակատարը։ «Կուսակցության ներսում քննարկում է ստեղծել ինստիտուտներ, և ստեղծում է։ Ինստիտուցիոնալ մտածողությունն արտացոլվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման վերաբերյալ գաղափարական մոտեցումներով։ Վերջին երկու տարին ցույց է տվել անձերին ինստիտուտներով փոխարինելու նպատակն առավել ակտուալ է, քան երբևէ», - ընդգծեց քաղաքական գործիչը։ 
 
Գևորգ Գորգիսյանն իր ելույթը սկսեց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությամբ։ Այնուհետև իր ելույթում անդրադառնալով կուսակցական գործունեությանը՝ քաղաքական գործիչն ընդգծեց, որ կուսակցության շարքերն ընդլայնվում են։
 
«Բոլոր մարզերում ունենք ներկայացուցիչներ և տիպային մոդելով ստեղծում ենք տարածքային կառույցներ։ Ստեղծում ենք մասնագիտական հանձնաժողովներ, որոնք ակտիվ աշխատում են և շուտով մեր հանրությանը կներկայացնեն մեր ունեցած արդյունքները»։ 
 
Ներկաները «Լուսավոր Հայաստանի» տարբերանշանով կրծքանշան ձեռք բերելու հնարավորություն ստացան։
 
Վերջում Մանե Թանդիլյանը և Էդմոն Մարուքյանը կտրեցին տոնական տորթը։