Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունենք ոչ գոհացուցիչ, բայց տեսանելի արդյունքներ․ Տիգրան Խաչիկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ զրուցել է Արդարադատության նախկին փոխնախարար, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Տիգրան Խաչիկյանի հետ։
Ըստ իրավաբանի՝ օրինագծում տեղ գտած բազմաթիվ կարգավորումներ խնդրահարույց են թե՛ Սահմանադրականության, թե՛ իրավակարգավորման տրամաբանության տեսանկյունից։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մենք հնարավորություն ենք ունենում այս վարույթի շրջանակներում իրավասու մարմնի պահանջով, որը դատախազությունն է, հայցի ապահովման կարգով դեռևս, հայցի ապահովման փուլի շրջանակներում դեռևս չկա վերջնական դատական ակտ, դիմել և ստանալով դատարանի թույլտվությունը՝ օտարել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքը»,- նշեց Խաչիկյանը։
Ավելի պարզ իրավաբանն ասաց, որ քաղաքացու դեմ ներկայացվում է հայց՝ գույքի բռնագանձման պահանջի մասին՝ առանց վերջնական դատական ակտի․ ապօրինի՞ էր դա, թե՞ ապօրինի չէր, անձը մեղավո՞ր էր այդ հանգամանքներում, հիմնավորվո՞ւմ էր այդ գույքն օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, թե՞ ոչ։
Նա նշեց․ «Առանց այս հարցերը պարզաբանելու, դատախազությունը դիմում է դատարան և ասում՝ «Հարգելի՛ դատարան, խնդրում եմ հնարավորություն տվեք ինձ այս գույքն օտարել, մինչև վերջնական դատական ակտի կայացումը, որովհետև դրա պահպանումն ինձ համար էական ծախսեր է ենթադրում»։ Ակնհայտորեն անձը զրկվում է սեփականության իրավունքից՝ առանց դրա վերաբերյալ որևէ պատշաճ քննության»։
Ըստ նախկին փոխնախարարի՝ օրինագծի բազմաթիվ դրույթներ սահմանադրականության, իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց են։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով Խաչիկյանն ասաց, որ դրա ձևավորումը ձախողված գործընթաց է, քանի որ չի համապատասխանում հակակոռուպցիոն մարմինների ձևավորման հիմնարար սկզբունքներին․ «Այս հանձնաժողովի ձևավորման ողջ ընթացակարգը պիտի մոտ ապագայում վերանայվի երկրի իշխանության կողմից»։
Ըստ նրա՝ հանձնաժողովը ձևավորվել է այնպես, ինչպես ժամանակին ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, հանրային հաշվետվողականության, թափանցիկության լայն վստահության ապահովման գործիքները չեն օգտագործվել։ Եզրափակիչ հարցին, թե տեսնո՞ւմ է, որ կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում, պատասխանեց․ «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում մենք այս պահին ունենք ոչ գոհացուցիչ, բայց նաև տեսանելի արդյունքներ»։
Մանրամասները՝ տեսանյութերում