Նախարարը շնորհավորել է փաստաբաններին՝ մասնագիտական օրվա առթիվ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆբ-յան իր էջում գրել է․
«Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք» և
«Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը»:
Սրանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված փաստն ու Հայաստանի գնահատականն են իրավական պետության կառուցման հարցում կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ փաստաբանության ինստիտուտի վերաբերյալ:
Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանում անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանական ինստիտուտը կայացել է: Իհարկե, ինչպես այլ կառույցներ, այն ևս ունի խնդիրներ, որոնք լուծման ճանապարհին են և զարգացման ներուժ, որն անպայման կիրացվի:
Փաստաբանության խնդիրները և դրանց լուծումները մշտապես եղել և մնում են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում ու բարեփոխումների օրակարգում. առանց փաստաբանության ոլորտի որակական բարեփոխումների` հնարավոր չէ պատկերացնել դատաիրավական ոլորտի համապարփակ և համալիր առաջընթաց:
Այդ նատակով Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ, որպես ռազմավարական նպատակ, նախատեսել ենք փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը, որը ներառում է ինչպես հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում, փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում, այնպես էլ Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում: Այս նպատակներին հասնելու ենք փաստաբան գործընկերների հետ միասին:
Շնորհավորում եմ փաստաբան բոլոր գործընկերներիս՝ մասնագիտական օրվա կապակցությամբ և մաղթում անկոտրում կամք ու նպատակասլացություն՝ մարդու իրավունքների պաշտպանության բարդ ճանապարհին: