Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿՀ
A A
Հասարակություն

Արդարադատության նախարարությունը`ՔԾ ծառայողների ընդմիջման ժամերի մասին

«Ա1+»-ը հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ տեղեկանալու, թե արդյոք Արդարադատության նախարարությունը ենթաօրենսդրական ակտով չի՞ կարգավորում Քրեակատարողական ծառայողների ընդմիջման և հանգստի ժամերը՝ խախտելով Աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդվածը (Ընդմիջում հանգստի և սնվելու համար):

Նշենք, որ ՔԾ ծառայողների ընդմիջման, մասնավորապես առողջապահական հաստատություններում նշանակված պահակակետերի ծառայողների ընդմիջման վերաբերյալ հարցը «Ա1+»-ի հետ զրույցում բարձրացրել էր ԱՆ ՔԾ Պահպանության ապահովման բաժնի նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը։

Ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը պատասխանել է, որ քրեակատարողական ծառայողների հանգստանալու և ընդմիջման ժամերը կարգավորվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» թիվ 135-Լ հրամանով:

Հրամանով 1-ին կետում նշված է, որ սույն կանոններով սահմանվում են ՀՀ ՔԾ կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների ներքին կարգապահական կանոնները, որոնք Ծառայությունում աշխատանքային կարգուկանոն սահմանող, աշխատանքային պայմանների առանձնահատկություններն արտահայտող նորմեր են, որոնք տարածվում են Ծառայությունում աշխատող բոլոր անձանց վրա:

Իսկ հրամանի 2-րդ կետում գրված է, որ կանոնները Ծառայությունում աշխատանքային կարգուկանոն սահմանող, աշխատանքային պայմանների առանձնահատկություններն արտահայտող նորմեր են, որոնք տարածվում են Ծառայությունում աշխատող բոլոր անձանց վրա:

«7. Ծառայությունում հերթափոխային ծառայություն իրականացնողների համար աշխատաժամանակի սկիզբը սահմանվում է ժամը 9:00-ն՝ 24-ժամյա գրաֆիկով, իսկ հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամերը ծառայության կազմակերպման առանձնահատկությունները հաշվի առնելով, որոշում է հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, իսկ կենտրոնական մարմնում՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը»,- նշված է հրամանի մեջ:

Նշենք, որ օրեր առաջ նոյեմբերի 23-ին, «Ա1+»-ը հրապարակել էր ՔԾ պատասխանը առողջապահական հաստատություններում ՔԾ ծառայողների ընդմիջման վերաբերյալ։  

ՔԾ-ն պատասխանել էր, որ առողջապահական հաստատությունում նշանակված պահակակետում պահպանության ապահովման առանձնահատկությունները և պայմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» Արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի N 195-Ն հրամանով։

Մեկնաբանելով ՔԾ պատասխանը՝ Հովհաննիսյանն ասել էր, որ 195-Ն հրամանը չի տալիս  ՔԾ ծառայողների հանգստի և սնվելու կարգավորումը։

«Վերոնշյալը փաստում է, որ Արդարադատության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվում բացը շտկելու համար։ Ըստ էության՝ այդ բացթողումը պարունակում է իր մեջ  Քրեական օրենսգրքի 315 հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով նախատեսված արարք։ Հաշվի առնելով դա, արդյոք չի՞ կարելի եզրակացնել, որ դրանով փորձ են անում կոծկել իրենց մեղավորությունն այդ փախուստի դրվագով»,- եզրափակել էր արդարադատության մայորը։