Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133850
A A
Հասարակություն

Ինչպիսի՞ն է կանանց դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում․ քննարկում (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ հայտարարեց, որ բոլոր չլուծված կոնֆլիկտերն անդրադառնում են կանանց վրա՝ առաջ բերելով աղքատություն, խոչընդոտելով կանանց անվտանգության, առողջապահական կրթական և այլ իրավունքների իրացմանը․

«Դրանց հանդեպ առավել խոցելի են հաշմանդամություն ունեցող և տարեց կանայք, ու այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է պետական մարմինների, կանանց տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և ապակենտրոն գործունեությունը հակամարտությունների կանխարգելման, խաղաղաշինության և կարգավորման հարցերում»։

Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ իրենց նախարարությունը ոչ միայն կարևորում է տնտեսական, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում կանանց ներգրավվածության ապահովումը, նրանց տնտեսական կարողությունների ամրապնդումը, այլ նաև առանցքային է համարում պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներին նրանց մասնակցությունը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն էլ ընդգծեց, որ անցած ուսումնական տարում երկու ռազմաուսումնական հաստատություններում ունեցել ենք կին շրջանավարտեր, ովքեր հաջողությամբ անցնում են իրենց զինվորական ծառայությունը․

«Մենք ամենայն լրջությամբ քննարկում ենք հնարավորությունը՝ աղջիկներին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան ընդունելու հետ կապված։ Տեխնիկական հարցեր ունենք կացարանի հետ կապված, դա փորձելու ենք մոտ ապագայում լուծել»։

Բալայանն ընդգծում է՝ կանայք տղամարդ գեներալներին կարողանում են այնպիսի հարցադրումներ անել, որ դրանց  կատարումը չի հապաղում․

«Ներկայումս կանանց և տղամարդկանց համար օրենսդրությամբ ապահովված են ռազմական մասնագիտական կրթություն ստանալու, պաշտպանության համակարգում պետական ծառայության ընդունվելու, զիված ուժերում ծառայություն անցնելու, պաշտոնի նշանակման, վերաորակավորման և ծառայությունների հետ կապված այլ գործողությունների մասով հավասար իրավունքներ ունենալու և պարտավորություններ ստանձնելու օրենսդրական  երաշխիքներ»։

Քննարկմանը մասնակցում էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։ Վերջինս ընդգծեց, որ  կանանց մասնակցությունը բանակցություններում հակամարտությունների շուրջ բարձրացնում է խաղաղության համաձայնագրերի երկարակացությունը։

Այս եզրակացությանը եկել են 82 տարբեր համաձայնագրեր ուսումնասիրելու արդյունքում։

«Հայաստանը մեծ քայլերով է առաջ գնում՝ հզորացնելով կանանց դերը հասարակության մեջ»։