Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ քանի գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք. Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը վիճեցին (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակը լարված է: «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթները զուգորդվում են միմյանց նկատմամբ սուր քննադատություններով:

«Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի է, որպես 12 տարվա պատգամավոր՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ ու էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Անհարմար է, հասկանում եմ, որ մանիպուլյացիան ձեր հիմնական գործիքն է՝ հիմնական խնդիրներից շեղելու համար՝ այս թուղթը այնպես, այն թուղթը այնպես, նախ Դուք իրավունք չունեք, տիկին Դավոյան, վիրավորելու պարոն Ծառուկյանին, և որևէ մեկը իրավունք չունի ոչ մեկին վիրավորելու, եթե չեք հասկացել իր հարցազրույցը, պրոբլեմը Ձեր մեջ փնտրեք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ապա շարունակեց ելույթը.

«Ձեր սիրելի քաղաքապետը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել ուղղակիորեն մերժել է, չի հասկացել և չի հասկանում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, Ազիզյաններն են, Գառնիկն է, հիմա ի՞նչ անենք, այդ մարդը չի կարողանում այնպես աշխատել, որ հնարավոր ներդրումները գան Հայաստան, սրա մասին է խոսել պարոն Ծառուկյանը»:

Տիկին Զոհրաբյանը նաև նշեց, որ չի կարելի անընդհատ շեշտել, որ «Բարգավաճ Հայաստանը» նախկինում կոալիցիա է կազմել նախկին իշխանությունների հետ, ապա «Իմ քայլը»-ականներին հիշեցրեց.

«Եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը», ապա գոնե այս խորհրդարանում իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով տիկին Զոհրաբյանին, հարցրեց՝ որ չընտրեիք, ի՞նչ պիտի անեիք: «Էդ քանի գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»,- շեշտեց պարոն Սիմոնյանը:

«Մի հատ Ձեզ չափավորեք»,- տեղից արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: