Ինչի՞ համար են խրախուսում, որ դատավորը գնա, տունը նստի, թոշակ ստանա. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աբսուրդ է որակում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է կամավոր հիմքով ՍԴ դատավորներին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական տալ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, եթե ՍԴ նախագահը և դատավորները հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
«Եթե մարդը հանցանք է կատարել, չի համապատասխանում պաշտոնին, թող հանեն, բայց այդպիսի առաջարկ անելն աշխարհում ընդունված չէ, չի կարելի: Ինչի՞ համար են խրախուսում, որ նա համաձայնի հրաժարական տալ ու գնա, տունը նստի ու թոշակ ստանա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին: