Մենք չենք կարող դիտարկել զինվորական ծառայության ուսումնական փուլի կրճատ տարբերակը․ Պաշտպանության փոխնախարար
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրած արագացված ընթացակարգով զինվորական ծառայության վերաբերյալ նախագծին։
Գաբրիել Բալայանը Կառավարության անունից դիրքորոշում չհայտնեց նախագծի վերաբերյալ, որովհետև գործադիրն էլ դեռ վերջնական դիրքորոշում չունի։ Կառավարությունում այդ նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել։
Նշենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և արտագաղթած քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ Հայաստան ՀՀ բյուջե վճարել 10 մլն ՀՀ դրամ, որից հետո ծառայել մեկ ամիս։
Ըստ Հայկ Սարգսյանի՝ մեկ ամսվա ընթացքում զինծառայողները սովորելու են Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվեն ներկայանալ զորահավաքների և ընդգրկվելու են պահեստազորում։
Հարցին, թե մեկ ամսում հնարավո՞ր է արագացված ընթացակարգով զինվորական ծառայությանը տիրապետելը, Գաբրիել Բալայանն ասաց․
«Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասել, թե ինչից է բաղկացած զինվորական ծառայությունը՝ առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքները և հմտությունները՝ հետագայում մարտական հերթապահության կամ մնացած 19 ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտարկել այդ ուսումնական փուլի կրճատ տարբերակը, որովհետև այն զինվորական գիտնականների կողմից ստեղծված ուսումնական պրոցես է»,- ասաց Գաբրիլ Բալայանը և հավելեց, որ ուսումնական փուլից հետո էլ զինվորները ստուգարքներ և քննություններ են հանձնում, որպեսզի պարզ լինի, թե զինվորը կարո՞ղ է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ իրականացնել նախատեսված պարտականությունները, թե՞ ոչ։
«Այս պարագայում ես չեմ պատկերացնում, միգուցե կա այլ միջազգային փորձ, որին հղում է անում պարոն Սարգսյանը, ես դեռ չեմ ուսումնասիրել, դրա համար չեմ կարող միանշանակ սրան պատասխան տալ»,- հավելեց նա։