Բացել լրահոսը Փակել լրահոսը
76989846_948908828842690_7234160003886612480_n
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքը երկարացվեց (տեսանյութ)

Դատարանը բավարարեց ԱԱԾ Քննչական դեպարտամենտի միջնորդությունը և կրկին երկարացրեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով։

Փաստաբան Ամրամ Մակինյանը ընդգծեց, որ իրենց համար սա սպասելի որոշում էր, քանի որ ըստ նրա՝ շատ մեծ համարձակություն է պետք այսօրվա դատական իշխանությանը այս գործով արդար և համարձակ որոշում կայացնելու համար.

«Այն վնասի չափը, որը առաջադրված է Կարեն Խաչատրյանին, վաղուց ամբողջ ծավալով գտնվում է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին»:

Փաստաբանի խոսքերով՝ այն ռիսկերը, որ ամեն անգամ բերվում են՝ հիմնավորելու Կարեն Խաչատրյանի կալանքը, ամբողջությամբ չեզոքացված են։

«Հանրությունը գիտի, որ այս քրեական գործը քննվում է 2019 թվականի փետրվարից, և Կարեն խաչատրյանը ևս շատ քաջ տեղյակ էր։ Հանրությունը գիտի նաև, որ երբ ԱԱԾ-ն Կարեն Խաչատրյանի բնակարան է ներկայացել և խուզարկություն իրականցրել, Կարեն Խաչատրյանը տանը չի եղել, բայց եկել է տուն։  Այս ամենը իմանալով՝ խոսել է այն մասին, որ բարձր է հավանականությունը, որ Կարեն Խաչատրյանը կթաքնվի , մենք զարմացած ենք»,-նշեց փաստաբանը հավելելով, որ դատարանի վերջին որոշումով նվազ էր գնահատվել Կարեն Խաչատրյանի՝ նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը, բայց այս պայմաններում ևս  դատարանը կալանքը գրավով փոխարինելու իրենց միջնորդությունը մերժեց․

«Շատ լուրջ տարբերակված մոտեցում է ցույց տալիս թե՛ դատական իշխանությունը, թե՛ նաև իրավապահ մարմինները Խաչատրյանների գործով»։

Փաստաբանը նշեց՝ քաղաքական գնահատականներ տալուց այս պահին զերծ է մնում․

«Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը նշում է, որ Կարեն Խաչատրյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնական դիրքը բավականին վճռորոշ է իր վարքագիծը կանխորոշելու հարցում, եկեք փաստենք, որ նա 3 տարուց ավել չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, և իրողություն է, որ ՊԵԿ-ի ողջ ղեկավար կազմը փոխվել է, այդ պայմաններում մտածել, որ Կարեն Խաչատրյանը, իր նախկին կապերը օգտագործելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը, առնվազն մեզ համար ծիծաղելի է»։

Հիշեցնենք, որ ՊԵԿ Ներքին անվտանագության վարչության պետ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։