Նախկին իշխանությունների՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողերը ցանկանում եք լեգալացնել. Բագրատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության կողմից ներկայացրած ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները:
Նախագծով առաջարկվում է բացահայտել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների բոլոր իրական սեփականատերերին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համոզված է, որ այս նախագիծը բավարար չէ, որպեսզի հիմնական նպատակը կատարվի:
«Որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետերերը գրանցված են ինչ-որ մեկի բաջանաղի տղայի, խնամու, քեռու և այլ բարեկամների անուններով: Բնականաբար, սա աչք փակելու նախագիծ եմ համարում, որովհետև ձևական կասեն՝ իքս իգրեկն եմ, իրական բաժնետերը բացահայտված չի լինի, և հետևաբար օրենքը անիմաստ է: Անգամ եթե իքս մարդուն հայտնաբերեք, որը ինչ-որ տեղ շարքային աշխատող է և չէր կարող ունենալ տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնք արժեն այդ բաժնետոմսերը, ի՞նչ պետք է հետևի դրան, օրենքում ոչինչ ասված չէ»,- դժգոհեց պարոն Բագրատյանը:
Ի դեպ, ըստ Սերգեյ Բագրատյանի՝ պետք էր օրենքն այնպես մշակել, որի համաձայն՝ պետությունը բաժնեմաս կունենար բոլոր հանքերում և կհսկեր գործընթացները: «Օրենք եք բերել, ըստ որի՝ իրականացվելու է լվացվող, նախկին իշխանությունների կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված միջոցները, որոնք ինչ-որ մեկի անունով է ձևակերպված: Դուք ընդամենը ցանկանում եք լեգալացնել այդ փողերը»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը: