Արմեն Էլբակյանը համաձայն է ԿԳՄՍ նախարարի հետ՝ արվեստում մեկին գումարած մեկը կարող է և վեց լինի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարդն արվեստով զբաղվում է, որ կարողանա պահպանել իր մեջ եղած մեծատառով մարդուն։ Արվեստը, թատրոնը, երաժշտությունն օգնում են հանդիսատեսին պահպանել իր մեջ եղած մարդուն, օգնում են ազատագրվել շուրջը տիրող քաոսից»,- ասում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։
Նա վստահ է, որ արվեստը ուսումնասիրում է այն բարոյական չափանիշները, որոնք մեզ տրված են ի վերուստ։ Եվ, եթե տասը պատվիրանների շուրջ չի ստեղծվում մշակութային գործը, ապա այն իրենից արժեք չի ներկայացնում։ Սակայն պարոն Էլբակյանը համոզված է նաև, որ որևէ բան արվեստագետին արգելել ևս հնարավոր չէ, քանի որ արվեստը անհատական, սուբյեկտիվ ոլորտ է։ Եվ այս առումով նա համաձայն է ԿԳՄՍ նախարարի հետ, որ արվեստում մեկին գումարած մեկը կարող է և վեց լինի։
«Դպրոցներում՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներից բացի պար անցնում են, երգ անցնում են, շախմատ, նկարչություն անցնում են, բայց թատրոն առարկան չեն անցնում։ Իսկ թատրոնը աշխարհի մոդելն է և օգնում է երիտասարդներին հասկանալու՝ ինչո՞ւ են ապրում, ո՞րն է ապրելու նպատակը, ինչպե՞ս պետք է ապրի մարդն այս աշխարհում։ Այս առումով «դասարան + դասական» ծրագիրը ինչ-որ տեղ գալիս է այս բացը լրացնելու»,- ասում է Արմեն Էլբակյանը։