Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Նորայր Հախոյանը և Դավիթ Օվասապյանը կպայքարեն բրոնզի համար (տեսանյութ)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները:

 

Հայաստանն այդ մրցումներում ներկայացնում են 9 մարզիկ. Նորայր Հախոյան (55 կգ քաշային կարգ), Արմեն Մելիքյան (60 կգ), Սլավիկ Գալստյան (63 կգ), Հայկ Մելիքյան (67 կգ), Հրանտ Կալաչյան (72 կգ), Վահե Պողոսյան (77 կգ), Արման Վարդանյան (82 կգ), Ալբերտ Եղիկյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ)։

 

Այսօր առաջին մարտերը անցկացրին մեր 5 քաշային կարգի ըմբիշները: Նորայր Հախոյանը 1/8 եզրափակիչ փուլում պարտվեց ռուսաստանցի Էմին Շեֆերշաևին, որը հասավ եզրափակիչ և մեր ըմբիշին հնարավորություն տվեց պայքարելու բրոնզե մեդալի համար:

 

Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում հաղթեց հնդիկ Ռաջեթ Ռաջեթին, սակայն քառորդ եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Մեհմետ Չեկերին: Մեր ըմբիշը ժամանակից շուտ ավարտեց ելույթները:

 

Վահե Պողոսյանը որակավորման փուլում 8:8 հաշվով զիջեց ղրղըզ ըմբիշ Ռենատ Իլյաս Ուլուին և դուրս մնաց պայքարից: Անհաջող հանդես եկավ նաև Ալբերտ Եղիկյանը, որն առաջին մարտում հաղթեց ղազախստանցի Բաուրժան Մուսինին, բայց 1/8 եզրափակիչում պարտվեց լեհ Շիմոն Շիմոնովիչին և ավարտեց ելույթը:

 

Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչում հաղթեց ռումինացի Լենարդ Իշտվան Բերեին, ապա բելառուս Իլյա Յուդչիչին և մտավ կիսաեզրափակիչ: Ավաղմ այս փուլում մեր ըմբիշը 1:4 հաշվով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Զվիադի Պատարիձեին: Դավիթ Օվասապյանը վաղը 3-րդ տեղի համար մենամարտ կանցկացնի: