Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀովսԽուրշուդ
A A
Քաղաքականություն

Բազմաթիվ երկրներ հիմա ավելի ազատ կսկսեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ա1+»-ի հետ զրույցում խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին՝ ասաց, որ Նահանգները նախկինում մի քանի անգամ ճանաչել էր ցեղասպանությունը, նաև նահանգների մակարդակով, իսկ հիմա արդեն Կոնգրեսի մակարդակով «ցեղասպանություն» իրավական ձևակերպումն է տրվել։

«Նաև որոշակի գործոն է Թուրքիայի հետագա քաղաքականությունն այս հարցում ճշգրտելու առումով։ Շատ կարևոր գործոն է, որովհետև Թուրքիան պետք է հասկանա, իսկ մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի կողմից այս ճանաչումից հետո բազմաթիվ երկրներ, որոնք որ զսպված էին Միացյալ Նահանգների կողմից չճանաչված լինելու հանգամանքով, հիմա ավելի ազատ կսկսեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Ըստ նրա՝ սրանից արդեն Թուրքիան պետք է հետևություններ անի, և, միգուցե, սա կարող է նրան բերել այն գաղափարին, որ պետք է առերեսվել սեփական պատմության հետ՝ Հայաստանի հետ ուղղակի հարաբերություններ հաստատելու ճանապարհով։ Խուրշուդյանի կարծիքով՝ Ներկայացուցիչների պալատի այս բանաձևի հիման վրա՝ հաջորդ «Ապրիլի 24»-ին Միացյալ Նահանգների նախագահն արդեն կարտաբերի «ցեղասպանություն» բառը։

Կոնգրեսի՝ Վերին պալատի՝ Սենատի կողմից համանման ճանաչման հնարավորության մասով հասարակական գործիչն այն կարծիքին չէ, թե կարող է ավելի բարդ լինել, քանի որ Սենատը ներկայացնում է նահանգները, իսկ այն սենատորները, որոնք ընտրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած 49 նահանգներից, նաև ինչ-որ իմաստով կաշկանդված են տվյալ նահանգում ընդունված որոշումներով։      

Հայոց ցեղասպանության ընդգծված ընկալման համար, ըստ Խուրշուդյանի, կա «եղեռն» բառը, սակայն համահունչ և համարժեք իրավական կարգավիճակ չունի ինչպես Հոլոքոստը (հրեաների ցեղասպանություն – հեղ․)։ «Հենց որ «Եղեռն»-ը որպես ցեղասպանությանը համարժեք կարգավիճակով՝ իրավական առումով, միջազգային իրավունքի շրջանակներում կճանաչվի, ես խնդիր չեմ տեսնում։ Բայց քանի դեռ ճանաչված չէ, շատ ավելի գերադասելի է, որ երկրները ձևակերպման մեջ օգտագործեն «ցեղասպանություն» բառը, որը Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված եզր է»,- շեշտեց Հովսեփ Խուրշուդյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում