Լռությունն ու խոսքը մի ցավի դեմ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ ամսից ավելի է` Հայաստանի թատերական գործիչների միության բեմում ներկայացվում է «Հորաքույրը և ես» հոգեբանական դրաման: Իրանահայ ռեժիսոր Սերժ-Մելիք Հովսեփյանի այս բեմադրությունը անցնում է լեփ-լեցուն դահլիճում:
Ինչպես ամեն անգամ, երեկ երեկոյան էլ հանդիսատեսը հուզված հետեւեց ծեր միայնակ կնոջ ու նրա մահվանը անհամբեր սպասող, բայց պատահականորեն նրա կողքին հայտնված երիտասարդ տղամարդու ողբերգությանը: Իսկ կինը մահացավ այն ժամանակ, երբ տղամարդը ընդունեց նրան իբրեւ իրական հորաքույր եւ այլեւս չէր ուզում նրա մահը:
ՙ Մարդիկ մենակ են ապրում, շփվելու կարիք ունեն, եկեք շփվելուց չխուսափենք: Մենակությունից դուրս գալու համար հարկավոր է, որ հարաբերվենք և ճիշտ հարաբերվենք: Պետք է չթողնել, որ մարդիկ մենակ մնան՚,-բացատրեց ռեժիսոր Սերժ-Մելիք Հովսեփյանը մեզ հետ զրույցում: Նա երկար չցանկացավ խոսել` համոզված, որ իր ասելիքն այս բեմադրությունն է, որի համար հիմք է դարձել կանադացի դրամատուրգ Մորիս Փանիչի պիեսը:
Ի դեպ, մենակության զգացումը ներկայացման երկու հերոսները արտահայտում են հակառակ դրսեւորումներով` լռությամբ եւ շատախոսությամբ:
Հորաքույրը, ում մարմնավորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմական խոսքի և դերասանի վարպետության դասախոս, դոցենտ Ջեմմա Մարտիրոսյանը, ամբողջ ներկայացման ընթացքում լռում է` դերասանական նուրբ խաղով ցուցադրելով իր մենության ծանրությունը:
Հակառակ նրա` երիտասարդը` ի դեմս Հ.Մալյանի անվան թատրոնի դերասան Գևորգ Հովակիմյանի, շարունակ շատախոսում է, դժգոհում, ուրախանում, թախծում, ժպտում, արտասվում:
«Սա հոգեբանական դրամա է. այստեղ կարեւոր էր ոչ միայն ֆիզիկականն ու բառերը, այլեւ հոգին եւ լռությունը: Մենակությունը լռում է»,- ասաց Ջեմմա Մարտիրոսյանը:
Իսկ դերասան Գեւորգ Հովակիմյանը համարում է, որ ներկայացման թեման արդիական է, քանի որ հիմնականում մենակ մարդիկ են դեպրեսիայի մեջ ընկնում կամ չարանում: «Մարդուն մարդ է պետք»,-սա բեմադրության կարմիր թելն էր:
«Կիսվում ես, հոգիդ թեթեւանում է, լարվածությունդ թուլանում է, կյանքը դառնում է ավելի հետաքրքրիր»,- այս բեմադրության ու ընդհանրապես կյանքի լարված պահերը դիմակայելու դեղատոմսը ներկայացրեց Գեւորգ Հովակիմյանը: