Արդարադատության փոխնախարարը կարևորում է քաղհասարակության դերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների չափիչ գործիքի (ՔՀԿ չափիչ) միջոցով իրականացված հետազոտության արդյունքները։
Գործիքը բաղկացած է 10 տարբեր ոլորտների ստանդարտներից և ցուցանիշներից, որոնք օգտագործվում են իրավական և գործնական միջավայրի գնահատման նպատակով։
Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ ուսումնասիրությունը վերաբերում է քաղհասարակության կազմակերպությունների գործունեության միջավայրին՝ ինչպիսի՞ն է այդ միջավայրը, որքանո՞վ է ապահովում մարդու իրավունքների իրացումը, որքանո՞վ է նպաստում քաղհասարակության զարգացմանը, ինչպիսի՞ պայմաններ են ապահովվում դրա համար։
«Ըստ էության՝ սա Եվրամիության պատվերն է եղել՝ հասկանալու Արևելյան գործընկերության երկրներում ինչպիսի՞ն է այդ միջավայրը և՛ համեմատություններ անելու, և՛ հասկանալու և ապագա աջակցությունն ապահովելու համար»,- նշեց Այվազյանը։
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ անցյալ տարի որպես Արևելյան գործընկերության ներկայացուցիչ մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից կազմակերպված քննարկմանը, որին հաստատվել է առաջարկությունների մի լուրջ փաստաթուղթ։
«Ըստ էության՝ խոսքը վերաբերում է Եվրոպայում քաղաքացիական հասարակության նպաստավոր միջավայրի ստեղծման, պաշտպանության և այլ նպաստավոր միջավայրի առաջմղման հանձնարարականներին»,- նշեց փոխնախարարը։
Գրիգորյանը հավելեց, որ ՔՀԿ չափիչն իր համար բացահայտել է, որ դա ընդհանրություններ ունի Նախարարների կոմիտեի հանձնարարականի հավելվածում տեղ գտած սկզբունքներին։ Փոխնախարարը նշեց այն կետերը, որոնց վրա անդրադարձ է կատարվել ուսումնասիրության մեջ։
«Մասնավորապես հավաքների, միավորումների ազատությանը, խոսքի ազատությանը, նաև ինտերնետում խոսքի ազատության առանձնահատկություններին, ՔՀԿ-ների ֆինանսական կայունության հարցերին, պետական աջակցությանը, որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության մասնակցության արդյունավետ մեխանիզմների կիրառմանը․․․ Որոշակի առումով ատելության խոսքի և ատելության քարոզի դեմ այս համընդհանուր տենդենցի դեմ ՔՀԿ-ի հնարավոր ներդրման մասին»,- ընդգծեց նա։
ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանն ասաց, որ զեկույցում տեղ գտած հետազոտման արդյունքները վերաբերում են 2017, 2018 և մինչև այժմ հավաքագրվածին։
«Նմանատիպ ներկայացումներ են ընթանում նաև Արևելյան գործընկերության մյուս երկրներում․․․ Բոլորս իրականացրել ենք նույն մեթոդոլոգիաներով, նույն ստանդարտներով, նույն ինդիկատորներով»,- ընդգծեց նա։
Նա թվեց պետությունները, թե որտեղ է անցկացվել նույն ուսումնասիրությունը․ Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ ՔՀԿ չափիչը վերաբերում է կազմակերպությունների գործունեության միջավայրին, ոչ թե ՔՀԿ-ների կարողություններին։ ԹԻՀԿ իրավաբան Անուշ Հակոբյանն իր հերթին անդրադարձավ ՔՀԿ-ների հետ կապվող իրավական հարցերին։