Նորաշենի բնակիչները պահանջում են վերականգնել իր պաշտոնում նախկին համայնքապետին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները Կառավարության շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են վերականգնել արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանին իր պաշտոնում։ Պնդում են, որ Արարատի մարզպետը նրան պաշտոնանկ է արել անօրինական կերպով, հաշվի չառնելով համայնքի կարծիքը, երբ համայնքապետը արձակուրդի մեջ էր։
«Այստեղ գնում է անձնական խնդիր պարոն Գրիգորյանի և Սարգսյանի միջև։ Ինքն իր կողմից նշանակել էր ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին, որին մենք դեմ ենք։ Հիմա գյուղը բաժանվել է 2 մասի, 4-5 օր է արդեն՝ համայնքապետարանը չի գործում։ Մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դա չի հուզում Գարիկ Սարգսյանին։ Իր կապրիզն է․ ինքը նշանակել է Արտակ Հարությունյանին և ուզում է, որ ամբողջ համայնքը իր այդ ավագանու 4 անդամների ցանկությունը կատարի»,- պնդում է ակցիայի մասնակիցներից մեկը։
Համայնքի բնակիչները պնդում են, որ ավագանու նիստը, որով կայացվել է որոշումը, պատշաճ կերպով տեղի չի ունեցել։ 9 անդամներից նիստի ներկա են եղել միայն չորսը․ մյուս հինգից մեկն ԱՄՆ-ում է, իսկ չորսը նույնիսկ տեղյակ չեն եղել նիստի մասին։
«Մարզպետարանից հարցրեք՝ ցույց տուր ավագանու նիստի արձանագրությունը։ Այս ամեն ինչի հիմքը մի թուղթ է՝ ավագանու նիստի արձանագրություն, չկա նման բան։ 4 հոգով 2 տարվա գյուղապե՞տ ենք հանում։ Նորայր Գրիգորյանը մինչ այս շիլաշփոթը շուրջ 6 ամիս ներկայացրել է մարզպետին, որ ավագանու անդամները բոյկոտում են նիստերը կամ ուղղակի չեն ներկայանում»,- նշում է Արարատի մարզի բնակիչ, «Ուժ և իրավունք» հկ նախագահ Ալինա Մախսուդյանը։