Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակ ներկայացուցիչ
A A
Հասարակություն

Դեռ երկար ճանապարհ կա անցնելու․ ՄԱԿ ներկայացուցչի տեղակալը՝ ձեռնարկատիրության մեջ կանանց ներգրավվածության մասին (տեսանյութ)

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան նույնպես մասնակցում էր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող «ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը։ 

Ստոյկոսկան իր ելույթում նշեց, որ այսպիսի նախաձեռնությունների կազմակերպման նպատակներից մեկը սեռերի միջև հավասարության հաստատումն է, կամ ավելի ճիշտ՝ սեռերի միջև անհավասարության նվազեցումը․ «Ներգրավվում  են կանայք, հատկապես՝ ամենաաղքատ ու լուսանցքում մնացածները, որպեսզի տնտեսապես հզորանան և օգտվեն տնտեսական զարգացումից»։

Մշտական ներկայացուցչի տեղեկալի խոսքով՝ կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությունը պետք է հաշվի առնի գենդերային էլեմենտները։ Ստոյկոսկան ընդգծեց, որ Հայաստանում կանայք կազմում են բնակչության 57,8 տոկոսը և բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց 56 տոկոսը, սակայն հանրային կյանքում և տնտեսության մեջ այդ թվերն ակնհայտորեն չեն համապատասխանում այս համամասնությանը։

«Մենք պետք է սա ընդունենք և նշենք, որ Հայաստանում 1990-ական թվականներից եղել է առաջընթաց, բայց արդարացիորեն պետք է նշել, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- նկատեց նա։

Նրա խոսքով՝ վերջերս իր մասնակցությամբ քննարկման ժամանակ նկատել է, որ կանայք այդքան էլ ներգրավված չեն քաղաքականության մեջ, և դա ըստ նրա՝ համապատասխան ծառայությունների, ենթակառուցվածքների պակասից է։ 

«Մենք փորձում ենք ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք կօժանդակեն կանանց զբաղվել արտադրությամբ, վերամշակմամբ, այսինքն՝ հնարավորություն տալ կանանց ներգրավվել փոքր արտադրություններում, ձեռնարկություններում, տուրիզմի մեջ»,- շեշտեց Միհաելա Ստոյկոսկան։