Բացել լրահոսը Փակել լրահոսը
71335002_391673398404744_1566905658442252288_n
A A
Հասարակություն

Մեր ինստիտուտում մարդիկ կան՝ ստանում են գրանտներ և համարում այն անձնական փող․ Անի Ապրահամյան (տեսանյութ)

Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունենում քննարկում Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարները թեմայով։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր Անի Ապրահամյանը ներկայացրեց ինստիտուտում առկա խնդիրները։ Անի Ապրահամյանի համոզմամբ՝ պետք է Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված լինի տեխնոլոգիայի վրա։

Նա անդրադարձավ ինստիտուտին բաժին հասնող ֆինանսավորմանը։

«Մեր բյուջեի 80-85%-ը աշխատավարձն է, 10-ից 12%-ը կոմունալ ծախսերն են։ Պատկերացրեք, թե ինչպես կարող է լինել ազգային գիտական լաբորատորիան մնացած տոկոսով՝ վերցնել, սարքել, շենքեր նորոգել և երիտասարդներին գործուղման ուղարկել և այլն․․․․Մեր ինֆրոստրուկտուրան քայքայվում է, շենքերը հին են, տանիքները փլվում են, այն շենքի մեջ, որում հիմա մենք նստում ենք, տանիքից անձրև էր գալիս։ Մենք վերանորոգել ենք տանիքը, և առաջին ձմեռն է լինելու, որ անձրև չպիտի գա։ Հարցեր կան նաև անշարժ գույքի մասով, մեզ շենքերը տրված են որպես անհատույց օգտագործման, բայց մենք չենք կարող հրավիրել մարդկանց, որոնք ցանկանում են ներդրում անել, որովհետև դրանց սեփականությունը չունենք։ IT ընկերությունները, ուրիշ գիտական ընկերությունները պատրաստ են գալ, ներդրումներ անել, բայց մենք իրենց պետք է վստահություն տանք, որ լինի»,- ընդգծեց Անի Ապրահամյանը։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև գրանտներին, որոնք օգտագործվում են ոչ տեղին։

«Մեր ինստիտուտում մարդիկ կան, որ ստանում են գրանտներ և համարում են այդ գրանտները անձնական փող, այդպիսի բան աշխարհում լսված չէ։ Հասկանում եմ, թե ինչ պայմաններ էին, որ մարդիկ ստիպված էին այդպես անել, պայմաններն այն էին, որ մարդիկ իրենց աշխատավարձով ապրելու հնարավորություն չունեին, բայց մենք պետք է դրանք շտկենք, շնորհքով աշխատավարձ տանք, ինստիտուտի համար գրանտ վերցնենք՝ համակարգիչ գնելու և այլնի համար, բայց ոչ աշխաավարձի համար»,- քննարկման ժամանակ նշեց նա։