Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131679
A A
Հասարակություն

ԲԴԽ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ հայտարարության մասին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների տեսակետը, թե իշխանությունների կողմից փորձ է արվում ճնշում գործադրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների նկատմամբ։

«Գտնում եմ, որ ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացնում ճնշելու: Ընդ որում՝ ոչ միայն իշխանական թևի կողմից, այլև երկրորդ նախագահի գործի շրջանակում մեր հասարակությունը երկու մասի է բաժանվել: Տեսնում ենք՝ դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրականացնում և՛ պաշտպանները, և՛ հակառակորդները։ Ես գնահատում եմ, որ դա փորձ է ճնշման, բայց վստահ եմ, որ դատավոր չկա, որը կարող է արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով դատարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին»,- ասաց նա:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դժվարանում է պատասխանել այն դիտարկումներին, թե ինքը իշխանահաճո է։ Նա այդ որակմանն այսպես արձագանքեց․

«Չե՞ք մտածում, որ կարող է մարդ լինել, որը պրոֆեսիոնալ գործողություն է իրականացնում և չի խառնվում որևէ քաղաքական պրոցեսի կամ իշխանական խարդավանքի, որը բացառապես զբաղվում է իր գործունեությամբ՝ առավոտից մինչև ուշ երեկո, և ոչ մի այլ պրոցեսի չի խառնվում և դա կարող է գնահատվել ցանկացած իշխանության օրոք»։

Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդազարյանը, լինելով ԲԴԽ նախագահ, չարձագանքեց վարչապետի այն հայտարարությանը, թե «ներկայիս դատական համակարգը «տեր-ստրուկ» համակարգ է և փոխարենը մեկ տարում զբաղվեին ինքնամաքրմամբ՝ դառնալով արժանապատիվ դատավոր, «տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ՝ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

«Գիտեք այդ հարցը քննարկվեց, տեքստերի վերաբերյալ բավականին աշխատանքներ կատարվեց, բայց հետո որոշվեց քաղաքական հայտարարություններին չարձագանքել, ես գտնում եմ, որ բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր։ Դատավորները պաշտոնական հայտարարությունների ժամանակ կաշկանդված են իրենց կոլեգաների վերաբերյալ ինչ-որ կարծիք հայտնել, բայց երբ որ դատավորները իրար հետ զրուցում են, նրանք էլ են հասկանում, թե ում նկատի ուներ վարչապետը և ինչու համար ասաց»,- ասաց նա։