«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը շարունակվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստը։
Դատարանում են մահացու վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, այրին ՝ Արփինե Թումասյան-Տեփանոսյանը։
Շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Գործով վկա «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի գրավման օրերին Շտապօգնությունը ծառայություն է իրականացրել գնդի տարածքում։
Հարցին, թե ովքեր են մնացել գնդի տարածքում, ծառայության տնօրենը նշեց բուժակ Նորայր Թևանյանի և Մարիայի անունները։
Վարուժան Ավետիսյանի հարցին, թե ում ցուցումով է եղել, որ Շտապօգնությունն այլևս հերթապահություն չի իրականացրել գնդի տարածքում, Ստեփանյանն ասաց, որ այդպիսի ցուցում չի եղել։
Մեղադրական կողմից գործով այլ վկաների ցուցմունքները ընթերցելուց հետո դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց այսքանով սահմանափակվել վկաների հարցաքննությամբ, և անցնել գործով այլ ապացույցների հետազոտմանը։
Վարուժան Ավետիսյանն իր ելույթում ասաց, որ գործն արագ ավարտին հասցնելու և իրենց խմբի նկատմամբ հաշվեհարդար անելու միտում է տեսնում։ Նույնը պնդեց նաև Պավել Մանուկյանը։
Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը։
Դատական նիստն ավարտվեց։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ հաջորդ նիստին կհարցաքննվեն «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը։ Այն տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին։