«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները կտեղափոխվեն «Սևան» ՔԿՀ. փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին այսօր անդրադարձան Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Վահե Հարությունյանը, ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը, Պրոբացիոն ծառայության պետի տեղակալ Էդգար Ավագյանը։
Արդարադատության փոխնախարարը նշեց, որ ռազմավարության մշակումը տեղի է ունեցել առաջին անգամ։ «Քննարկում ենք ունեցել Դիտորդների խմբի հետ», - նշեց նա՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ հաշվի են առնվել դիտորդական բոլոր դիտողությունները։
Ռազմավարության հիմնական ուղղությունները, ըստ Գալյանի, օրենսդրական նախաձեռնություններ են, նպատակ կա ունենալ Քրեակատարողական նոր օրենսգիրք, որն, ամենայն հավանականությամբ, կդրվի հանրային քննարկման հաջորդ ամիս։ Փոխնախարարի խոսքով՝ բացի օրենսգրքի փոփոխությունից ուշադրություն է դարձվելու նաև ենթաօրենսդրական ակտերի վրա։
Սրբուհի Գալյանը ասաց, որ Հրազդանի քրեակատարողական հիմնարկը վատ պայմաններում է, ուստի այնտեղի կալանավորները կտեղափոխվեն Սևան ՔԿՀ։ Նախատեսվում է նաև դադարեցնել Գորիսի ՔԿՀ-ի գործունեությունը։
Քրեական ենթամշակույթի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներ են լինելու, և դրան միտված քայլերից՝ բոլոր դատապարտյալների համար ստեղծվելու են հավասար պահման պայմաններ, նաև քայլեր են ձեռնարկելու դատապարտյալների վարձու աշխատանքների ուղղությամբ։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ բարելավվելու են դատապարտյալների բուժսպասարկման պայմանները։
Հասմիկ Հարությունյանը ողջունեց նախագծում դատապարտյալների պահման պայմանների վերաբերյալ փաթեթը։
Հարությունյանը շեշտադրեց Նուբարաշեն ՔԿՀ-ի վատ պայմանները։
Դիտորդների խմբի նախագահը վստահ է, որ միայն օրենսդրական դաշտ բերելն ու պատժողական մոդելը քրեական ենթամշակույթի դեմ պայքարում չի կարող արդյունավետ լինել. անհրաժեշտ է վերասոցիալականացման գործիքակազմ։