Որոշել ենք զարգացնել անվճար հոսպիսների ուղղությունը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելեց թիվ 13 պոլիկլինիկա՝ ծանոթանալու գործունեությանը, պոլիկլինիկայում առկա սարքավորումներին և աշխատանքային պայմաններին։
Նախարարի խոսքով՝ այս պոլիկլինիկայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 13-րդ պոլիկլինիկայում Հայաստանում առաջին անգամ ներդրվում է ամբուլատոր պալիատիվ բուժօգնության տրամադրում պետական պատվերի շրջանակներում։
Նա նշեց, որ տվյալ պոլիկլինիկան կարող է օրինակ ծառայել մյուսներին, թե ինչպես պետք է աշխատել նույն ֆինանսավորման պայմաններում, գումարները ծախսել էֆեկտիվ։ Նախարարի խոսքով՝ այստեղ պետության կողմից տրամադրված գումարները հերիքում են ոչ միայն ընթացիկ ծախսերը փակելու, այլև զարգանալու համար։
Պալիատիվ ծրագրի շրջանակներում այն քաղաքացիները, որոնց հիվանդությունն անբուժելի է, և որոնք կարիք ունեն հսկողության և խնամքի, տնային պայմաններում ստանան բուժօգնբություն՝ բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի և հոգեբանի միջոցով։
«Ծրագրին ներգրավվելու են նաև մյուս պոլիկլինիկաները, և հետագայում անցում ենք կատարելու նաև ստացիոնար պալիատիվ բուժօգնության։ Այն հիվանդներին, ում հնարավոր չէ տան պայմաններում խնամել, այդպիսի հիվանդները տեղափոխվեն հատուկ հաստատություններ։ Նման հաստատություններ Հայաստանում գործում են, բայց վճարովի է, բավական թանկ է։ Այսինքն՝ մենք որոշում ենք կայացրել զարգացնել անվճար հոսպիսների ուղղությունը»։
Թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզան Դուրգարյանը նշեց, որ այս պահին պոլիկլինիկան սպասարկում է միայն իր մոտ գրանցված հիվանդներին, նրանց թիվը 16-ն է։