«Զարթոնք» ակադեմիայի անդամները պահանջում են հատկացնել խոստացված 8 մլն դրամը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի անդամները և ղեկավարությունն այսօր հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց, ցանկանալով հանդիպել նախարարության որևէ ներկայացուցչի հետ։ Ակադեմիայի անդամները նշում են, որ ծրագրի համար խոստացված 8 մլն դրամը չի տրամադրվել Զարթոնքին»։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ակադեմիայի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ըստ դրամաշնորհների հատկացման կարգի, գումարը տրամադրվում է հանձնաժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովը տվյալ դեպքում դեմ է քվեարկել նախագծին։
«Ես եղել եմ հանձնաժողովի միակ մարդը, որ կողմ եմ քվեարկել այս ծրագրին, ես փորձում եմ ամեն ինչ անել և դրա դիմաց ստանում եմ մեղադրանքներ, զրպարտություն։ Ես շնորհակալություն չեմ ակնկալում, սակայն լսել այնպիսի բաներ, որ ինձ հետ կապ չունի, ես չեմ կարող հանդուրժել։ Կա կարգ, որն ավելին է, քան ցանկացած նախագիծ, այդ թվում, նաև այս նախագիծը։ Ես այստեղ եմ օրենքը պաշտպանելու համար։ Եթե հանձնաժողովը չի քվեարկում տվյալ ծրագրի օգտին, ապա ես չեմ կարող միանձնյա որոշել՝ հայտը կընդունվի թե ոչ, և վարչական լծակներ գործադրել հանձնաժողովի անդամների վրա՝ ասելով դուք կողմ քվեարկեք»,- նշեց Արայիկ Խզմալյանը։
«Զարթոնք» ակադեմիայի գործադիր տնօրեն Լիանա Խոշբեկյանը նախարարի տեղակալին ասաց, որ մայիսի 22-ին մշակույթի նախարարության աշխատակցի կողմից էլ․ փոստին նամակ է ուղարկվել «Զարթոնք»-ի տնօրեն Վան Արմենիանին։ նամակում նշված է եղել, որ մշակույթի նախարարության ֆինանսական վարչության հետ բոլոր հնարավոր և անհնար տարբերակները քննարկելուց հետո, պատրաստ են ամառային ճամբարի իրականացման համար տրամադրել 8 մլն դրամ։
Արա խզմալյանը պատասխանեց, թե՝ ումից նամակը ստացել եք, նրա հետ էլ պարզաբանեք։ Քանի որ նամակը ուղարկվել է անհատի էլ․փոստից և ոչ թե նախարարության պաշտոնական էջից, իրենք չեն կարող պատասխան տալ։