Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131293
A A
Հասարակություն

Վտանգավոր է, բայց ահավոր չէ. նախկին նախարարը՝ Սեւանա լճի վիճակի մասին (տեսանյութ)

Սևանա լճից դուրս եկող ջրի 60-70 տոկոսը կորչում է, ինչը կհանգեցնի լուրջ հետևանքների, կարծում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։

Այնուամենայնիվ, խնդիրն այսօր դեռևս լուծելի է, նշում է նա։

Շահազիզյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը լիճ թափվող 28 գետերն են։ Հարկավոր է սկսել դրանց մաքրման աշխատանքները։

«Այսօր Սևանա լճում կատաստրոֆա չկա։ Հիմա ամեն քայլի ասում են՝ Սևանում տեղի է ունենում ճահճացում։ Ճահճացումը անդառնալի գործընթաց է, սակայն լճում հիմա տեղի են ունենում ճահճակալման երևույթներ։ Սա վտանգավոր է, բայց ահավոր չէ», - ասում է նախկին նախարարը։ 

Նրա խոսքով՝ խնդիր են առաջացնում նաև լճի ափամերձ տարածքներում գործող որոշ հանգստյան օբյեկտներդրանց հիմնական մասը չունեն կոյուղիներ։ Այս հանգամանքն ազդում է ջրի որակի վրա։

«Օբյեկտները պետք է գործեն սահմանված պահանջներին համապատասխան։ Եթե տվյալ սննդի օբյեկտը չունի մաքրման կայան, ապա այն չպետք է աշխատի»։

Սևանա լճից բացի, ըստ Սարգիս Շահազիզյանի, լուրջ խնդիր կա նաև ամբողջ ջրային համակարգում։ Մասնավորապես՝ իրավիճակը լուրջ է Արարատյան դաշտի արտեզյան ջրերի պարագայում։ Տարածքում ստեղծված ձկնային հսկայական տնտեսությունները ողջ տարին անկանոն կերպով շահագործում են ջրերը, և ցանցը չի հասցնում վերականգնվել։ 

Այս տեմպերով շարունակելու դեպքում, ըստ նախկին նախարարի, հնարավոր է՝ ջրի մակարդակի լուրջ իջեցում լինի նաև այստեղ։

Բնապահպանության նախկին նախարարն անհանգիստ է՝ հանրապետությունում նորմալ գործող կոյուղու ցանց չկա։

«Մեր բոլոր աղբյուրները ձևավորվում են հսկայական տարածություններից, և այդ բոլոր տարածությունների վրա կան բնակավայրեր՝ հիմնականում գյուղերի տեսքով։ Այդ գյուղերի 90 տոկոսում կոյուղի չկա, կամ հորատանցքեր են կամ փոսեր։ Եթե դու փորել ես փոս, հասել ես ժայռերի, բնականաբար, այդ ջուրը չի ներծծվելու։ Փորում են այնպիսի տեղերում, որտեղ կան ջրատար շերտեր, և ողջ կոյուղին մտնում է դրանց մեջ։ Վաղը մենք կարող ենք կանգնել լուրջ խնդրի առաջ․ ստորերկրյա ջրերի հսկայական ավազանները կարող են վարակվել տարբեր հիվանդություններով»,-ասում է Սարգիս Շահազիզյանը։