Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Խաչատրյան
A A
Սպորտ

Արծաթե մեդալակիր Ռաֆիկ Խլղաթյանի հարցը կքննարկվի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեում

Հունահռոմեական ոճի Հայաստանի պատանեկան հավաքականի (ընտրանի) ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանն արձագանքել է ըմբիշ Ռաֆիկ Խլղաթյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա մասնավորապես նշել է, որ հավաքականի հերթական հավաքն Օլիմպավանում է եղել, և 45 կգ քաշային կարգում ներկայացված են եղել երեք մարզիկ՝ Հայաստանի չեմպիոն Հոմերոս Առաքելյանը, երկրորդ տեղ գրաված Ռաֆիկ Խլղաթյանը և երրորդ տեղը զբաղեցրած Արայիկ Թոփալյանը։ 

Նրա խոսքով՝ իրեն է զանգահարել Ռաֆիկ Խլղաթյանի անձնական մարզիչը և հարցրել է, թե արդյոք իր սանը չի՞ մասնակցելու աշխարհի առաջնությանը, ինչին ի պատասխան՝ ընտրանու ավագ մարզիչն ասել է, որ գնալու է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հոմերոս Առաքելյանը։ 

Ինչից հետո, ըստ Խաչատրյանի, Խլղաթյանի անձնական մարզիչն ասել է. «Չենք ուզում՝ մասնակցի հավաքին, թող հետ գա տուն»։ Շարունակելով՝ ընտրանու ավագ մարզիչն ասել է, որ գնացել և Ռաֆիկ Խլղաթյանին ասել է անձնական մարզչի ասածի մասին, ինչին ի պատասխան՝ Խլղաթյանն ասել է, որ եթե չի մասնակցելու աշխարհի առաջնությանը, ապա իմաստ չունի հավաքներին մասնակցելը։

Կայքից տեղեկանում ենք նաև, որ Ռաֆիկ Խլղաթյանի հարցը դրված է ՀԸՖ-ի կարգապահական կոմիտեի քննարկմանը: Յուրաքանչյուր մարզիկ, ով ինքնակամ լքում է հավաքը, ենթակա է պատժի՝ ընդհուպ հավաքականից հեռացվելուն:

Մանրամասները՝ այստեղ 

Հիշեցնենք, որ այսօր և հուլիսի 24-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնաշենքի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի շենքի առջև ակցիա էին իրականացնում ըմբշամարտի արծաթե մեդալակիր Ռաֆիկ Խլղաթյանի մարզիչն ու հարազատները՝ պահանջելով նրան ընդգրկել Բուլղարիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում։