Հայաստանի 4 շախմատիստ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է տղամարդկանց` շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների ցուցակը: Դրանում ընդգրկված են հայազգի 6 շախմատիստ:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը խաղարկությանը մասնակցում է որպես նախորդ մրցաշարի հաղթող: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Արման Փաշիկյանն այդ իրավունքը նվաճել են Եվրոպայի 2018 եւ 2019թթ անհատական առաջնությունների ժամանակ:
Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանն ու բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաջողությամբ հաղթահարել են Ամերիկայի գոտու նախնական փուլը եւ նույնպես ընդգրկվել են ՖԻԴԵ-ի վերջնական ցուցակում:
Նշենք, որ տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում: «Նոկաուտ» մրցակարգով 128 շախմատիստներ կպայքարեն աշխարհի գավաթի համար, բացի այդ կվիճակվեն 2020թ աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր:
Գավաթի խաղարկության մրցանակային հիմնադրամը կազմում 1,6 մլն դոլար: Առաջին՝ 1/64 եզրափակիչում անհաջողության մատնված շախմատիստները կստանան 6 հազարական դոլար պարգեւավճար: Հաջորդ փուլերում այդ գումարները կավելանան՝ 10, 16, 25, 35 հազար եւ այլն: Գավաթակիրը կստանա 110 հազար, իսկ եզրափակիչի մասնակիցը՝ 80 հազար դոլար: