«Մենք արժանի չէինք նման խոշոր պարտության». Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այսպես մեկնաբանեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում ռումինական «Ստյաուայից» կրած խոշոր հաշվով պարտությունը:
«Կարծում եմ, որ մենք այսօր արժանի չէինք 0:3 հաշվով պարտության, որովհետեւ խաղի ընթացքը ցույց տվեց, որ կարող ենք հավասար պայքար մղել, անգամ՝ հաղթել: Սակայն, նման մրցակիցները չեն ներում կոպիտ սխալները: Մենք գոլ խփելու լավ պահեր ունեինք, նույնիսկ 0:1 հաշվից հետո, բայց մարզական բախտը, կարծես, երես էր թեքել մեզանից:
Ընդհանուր առմամբ թիմի խաղից գոհ եմ, ֆուտբոլիստները մինչեւ վերջ պայքարեցին: Միակ գործոնը, որ պատճառ դարձավ նման պարտության, մեր դարպասապահի անհաջող խաղն էր: Պատասխան հանդիպմանը կաշխատենք ավելի արժանապատիվ արդյունք գրանցել», - հետխաղյա ասուլիսին ասաց հայկական թիմի գլխավոր մարզիչը:
Նշենք, որ հանդիպման առաջին խաղակեսում «Ալաշկերտը» լավ խաղ ցուցադրեց, սակայն չկարողացավ իրացնել գոլային պահերը, իսկ ահա երկրորդ խաղակեսում կոպիտ սխալից հետո գոլ ընդունելուց հետո ալաշկերտցիները մի փոքր կորցրին զգոնությունը եւ մրցակցին թույլ տվեցին եւս երկու գոլ խփել:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Ռումինիայում: