Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks havaqakan 25.07.
A A
Սպորտ

Ռուդիկ Մկրտչյանին այլեւս չի հետաքրքրում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ներկայումս չգիտի, թե ինչ կարգավիճակում է գտնվում ինքը:

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ Մինսկի Եվրոպական խաղերից հետո իրեն ոչ մեկը չի զանգահարել եւ չի խոսել հետագա անելիքների մասին: Խոսքը վերաբերում է ինչպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին, ով այժմ համակարգում է հայկական բռնցքամարտը, քանի որ ՀԱՕԿ-ի պահանջով դադարեցվել է ՀԲՖ-ի պետական ֆինանսավորումը:

Ավելին, տիտղոսակիր մասնագետը (նրա սան Հովհաննես Բաչկովը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է եւ եվրոպական խաղերի հաղթող) չի ցանկանում շարունակել իր աշխատանքը՝ չցանկանալով նշել պատճառները:

«Ոչ մեկի հետ չեմ բանացկել եւ չեմ էլ պատրաստվում դա անել: Կներեք, բայց ավելին ասել չեմ ցանկանում», - հեռախոսազրույցի ժամանակ ասաց Ռուդիկ Մկրտչյանը:

Այն, որ հայկական բռնցքամարտում այժմ անառողջ մթնոլորտ է տիրում, երկու կարծիք անգամ չի կարող լինել: Ավաղ, մեր սպորտի պատկան մարմինները մարտնչող կողմերին հաշտեցնելու, բանակցության սեղանի շուրջ հավաքելու փոխարեն, էլ ավելի են տարանջատում նրանց եւ դրանով խորացնում ճգնաժամը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր արտահերթ ասամբլեայում «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին հեռացրեց իր կազմից, իսկ նորաստեղծ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ընդունեց որպես ժամանակավոր անդամ։